AM
12 Սեպտեմբեր 2025 - 06:27 AMT

ԱՄՆ-ն մտադիր է $145 մլն հատկացնել ՀՀ–ին «Թրամփի ուղու» համար

ԱՄՆ–ն մտադիր է 145 միլիոն դոլար աջակցություն տրամարդել Հայաստանին «Թրամփի ուղու» իրագործման համար։ Այդ մասին Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Փոխվարչապետը, դիմավորելով պատվիրակության անդամներին, բարձր գնահատական է տվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է խթանել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակում երկկողմ հարաբերությունների առաջխաղացումը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանի իրադարձությունները, հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձ են կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրին։

Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։