AM
12 Սեպտեմբեր 2025 - 08:09 AMT

Թովմասյան. Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում»:

Նա նաև շնորհակալություն է հայտնել այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել։

«Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։ Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։

Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել»,–գրել է նա։

Թովմասյանը հավելել է, որ իր՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել է Արթուր Հովհաննիսյանին պարտադրել թմրաթեստ հանձնել, լիովին օրենքի շրջանակում է։ Ըստ Թովմասյանի՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած կարգով, այդ պահանջը վերաբերում է բոլոր բժիշկներին, և նույնը պետք է վերաբերի նաև պատգամավորներին ու այլ պաշտոնյաներին։

«…Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։ Սթափությունն ու բարեվարքությունն ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որոնց վտանգվում է պետական ապարատը։

Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր»,–ասվում է գրառման մեջ։

«Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:

Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։

Նա պե՛տք է վայր դնի մանդատը:

Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են»,–գրել է Թովմասյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու նպատակով։

ԱԺ պատգամավոր Թագոհի Թովմասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային»,–նշել է նա։

Արձագանքելով դրան՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել Թովմասյանի հասցեին՝ ասելով․ «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։