2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանցիների համար նախատեսված «Այբբենարան» գիրք-տետրերում երկարածավալ տեքստերի ներառումը նախարարությունը նպատակահարմար չի համարել։ Այդպես է արձագանքել ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած այն դիտարկումներին, որ նոր դասագրքում բացակայում է Մեսրոպ Մաշտոցի պատկերը, ինչպես նաև տեղեկություն չկա հայոց գրերի ստեղծման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Գրքի համահեղինակ Աստղիկ Բալայանը արձագանքել է քննադատությանը՝ նշելով, որ Հայոց այբուբենի հեղինակի պատկերը պարտադիր է պետք է ընդգրկված լինի աշակերտի առաջին դասագրքում և հայտնել, որ բացթողումը կուղղվի դասագրքի հաջորդ հրատարակության ընթացքում։
Որպեսզի պարզվի՝ ինչու չեն ներառվել Մաշտոցի պատկերը և գրերի գյուտի մասին տեղեկատվությունը, և արդյոք դրանց բացակայությունն այնպիսի հիմք չէ, որ դասագիրքը ստանար բացասական եզրակացություն, հարցում է ուղարկվել նախարարություն։
Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ «Գրերի գյուտին» և Մեսրոպ Մաշտոցին անդրադառնալու մեթոդական ցուցումներ տեղ են գտել ուսուցիչների համար մշակված ուսումնական ձեռնարկում։ Այն ոչ միայն մեթոդական աջակցություն է տրամադրում, այլև մանրամասն ներկայացնում է թեմայի դասավանդման մոտեցումները։
Նախարարությունը շեշտել է, որ հանրակրթական չափորոշչի «Լեզվական կրթություն» և «Հայրենագիտություն» ուղղություններում տարբեր դասարանների կրթական ծրագրերում «Մեսրոպ Մաշտոց» և «Գրերի գյուտ» թեմաների ընդգրկումը համարվում է առաջնահերթություն, և այդ թեմաների ուսուցումը ընթանում է շարունակական կերպով։
«Գրերի ստեղծման թեման, որը համարվում է հայ լեզվամշակութային ինքնության հիմնասյուն, պետք է դասավանդման բաղկացուցիչ մաս լինի ոչ միայն «Մայրենի», այլև «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում։ Այս մոտեցումը փաստացի արտահայտված է մի շարք առարկայական ծրագրերում, մասնավորապես 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի ծրագրում ներառված են լեզվամշակութային արժեքների և ինքնության վերաբերյալ թեմաներ, որոնց շարքում կարևոր դեր ունեն ազգային գրականությունն ու լեզվամտածողությունը։ 7-9-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկայի բովանդակության մեջ չափորոշչային պահանջներին համահունչ՝ ընդգրկված են հայոց գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը վերաբերող թեմաներ՝ որպես հայ ինքնության և պատմամշակութային արժեքների ձևավորման առանցքային փուլ»,– ասված է պատասխանում։
Նախարարության փոխանցմամբ՝ 9-րդ և բարձր դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայական ծրագրերում առանձին շեշտադրում է արվում այն թեմաների վրա, որոնք վերաբերուն են հայ գրավոր մշակույթի ակունքներին՝ ընդգծելով գրերի ստեղծման, դրանց գաղափարական ու մշակութային ժառանգության կարևորությունը։
«Չափորոշչի հիմնական գաղափարները՝ ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության գնահատման և արժևորման վերաբերյալ, լիարժեքորեն արտացոլված են տարբեր առարկաների բովանդակության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու համակարգային և շարունակական մոտեցում՝ ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում»,– նշել է գերատեսչությունը։
Նախարարությունն ավելացրել է, որ 1-ին դասարանցիների համար կրթական ավանդույթ է համարվում այցը Օշական՝ Մաշտոցի շիրիմին, Տառերի պուրակ, Մատենադարան։ Դպրոցներում ամեն տարի՝ տառուսուցման մեկնարկին, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին և տառերին՝ ընդգծելով վերջիններիս խորհուրդը ազգային ինքնության ձևավորման համատեքստում։
«Միաժամանակ այբբենարանում Մեսրոպ Մաշտոցը ներկայացվում է կերպարի բացահայտման այլ տարբերակով ևս՝ առաջին երեք տառերը սովորելուց հետո «է» տառի ուսուցման ընթացքում այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,–նշված է գրավոր պտասխանում։
Ըստ նախարարության՝ այս ամենը վկայում է, որ «Մեսրոպ Մաշտոց» և «Գրերի գյուտ» թեմաները չեն դիտարկվում որպես սովորական տեղեկատվական բովանդակություն, այլ ունեն ռազմավարական նշանակություն՝ ազգային արժեքների խորացման նպատակով։
Միևնույն ժամանակ գերատեսչությունը նշել է, որ նոր դասագրքերի ներդրումն այժմ անցնում է ուսուցիչների կողմից փորձարկման փուլ։ Ուստի՝ արդյունքները, արձագանքները, ինչպես նաև արձանագրված խնդիրները կդառնան հիմք՝ ծրագրերի և դասագրքերի հետագա կատարելագործման համար։
ԿԳՄՍՆ-ը պարզաբանել է, որ դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի արդյունքում մշակվել է երկու տարբեր «Այբբենարան»։ «Զանգակ» հրատարակչության տարբերակում այբուբենը ներկայացված է 23-րդ և 104-րդ էջերում, իսկ «Մասնակցային դպրոց» կազմակերպության կողմից պատրաստված տարբերակում՝ 107-րդ էջում։






