AM
12 Սեպտեմբեր 2025 - 10:06 AMT

Աղազարյանը առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը

Ազգային ժողովում Պետական եկամուտների կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը հնարավոր կլինի միայն կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունների դեպքում։

Աղազարյանն առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանձնել ընդդիմությանը՝ հնարավորություն տալով ուսումնասիրել իշխանության գործողությունները, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ այդ առաջարկը հանդիսանում է նորաստեղծ ՄԱՍԿ կուսակցության հիմնարար սկզբունքներից մեկը։

Նրա դիտարկմամբ, երբ տնտեսվարողներից մեկը նկատում է, որ իր մրցակիցը թաքցրել է իր շրջանառությունը, ինքն էլ սկսում է նման վարք դրսևորել, ինչն էլ հանգեցնում է համատարած հարկերից խուսափման։

Աղազարյանը անդրադարձ է կատարել նաև տնտեսական ցուցանիշներին՝ վիճարկելով պաշտոնական տվյալները։

«Տնտեսության աճը, որ ասում էին 5.9 %, իսկ ՀՆԱ/հարկ հարաբերակցությունը նվազել էր 3.5-ի, այնտեղ ինչ-որ փուչիկանման բան կար, ՀՆԱ-ն ուռճացված է», – ասել է նա՝ հավելելով, որ ըստ իր հաշվարկների իրական տնտեսական աճը կազմել է ոչ թե 5.9%, այլ 3.7%։

Պատգամավորը պատմական համեմատություն է անցկացրել՝ վերնագրելով այն «բոլշևիզմի դրսևորումը»՝ ընդգծելով, որ ընտրություններում 51 տոկոս հավաքած ուժը չի կարող անտեսել այն ուժին, որը ստացել է 49 տոկոս, քանի որ իրականում դա նշանակում է գրեթե հավասար ներկայացվածություն բնակչության շրջանակում։

«Վարչապետն ասում է ընդդիմությունը իշխանության մաս է, բա այդ դեպում ընդդիմությանը ոնց կարելի է ասել՝ դու չկաս, դա ճիշտ չէ», – ընդգծել է ՔՊ նախկին պատգամավորը։

Նա հավելել է, որ խորհրդարանից դուրս էլ ընդդիմությունը պետք է իշխանության մեջ մասնաբաժին ունենա, որպեսզի իշխանություն մաս լինի և դրանից կշահի տնտեսությունը, ժողովրդավարությունը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ասել է, թե գործող ընդդիմությունը սպառվել է։