AM
12 Սեպտեմբեր 2025 - 11:10 AMT

Արշակյան․ Վաշինգտոնյան փաստաթուղթը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա

Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի վերաբերյալ հնչեցված քննադատություններին՝ շեշտելով, որ վաշինգտոնյան փաստաթուղթը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա:

«Կետ չկա, որ փոխադարձության սկզբունքի վրա հիմնված չլինի։ Բոլոր կետերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և դա ֆիքսված է առանձին կետով նույն փաստաթղթում», – նշել է Արշակյանը, հայտոնւմ է 1lurer.am-ը։

Նա արձագանքել է նաև ընդդիմության այն դիտարկմանը, թե Հայաստանի անկախությունն ինքնին անհաղթահարելի խոչընդոտ է Թուրքիային, ինչն էլ ըստ ընդդիմադիրների՝ արդարացնում է սահմանների փակ լինելը և թշնամական մթնոլորտը։

«Իսկ ինչո՞ւ է այդպես։ Այդ հարցին դուք երբևէ պատասխան տվե՞լ եք։ Իսկ ինչո՞ւ է, որ ինչ-որ պետություն համարում է ՀՀ-ն իր շահերի դեմ անհաղթահարելի խոչընդոտ։ Ինչո՞ւ է այդպես եղել։ Դա մեր շահերի՞ց է բխում, թե՞ մեր շահերից չի բխում։ Կարո՞ղ է ուրիշ պետության կամ պետությունների շահերից է բխում։ Այդ հարցին պատասխանեք դուք, քանի որ մենք այդ հարցի պատասխանը գիտենք, դրա համար մեր ճանապարհը խաղաղության ճանապարհն է», – նշել է ԱԺ փոխնախագահը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։