AM
12 Սեպտեմբեր 2025 - 12:44 AMT

Սպիվակովան կայցելի ՀՀ քաղցկեղ ունեցող երեխաներին օգնելու համար

Դերասանուհի և հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան սեպտեմբերին երկօրյա մշակութաբարեգործական ծրագրով ժամանելու է Երևան։ Նրա այցը նվիրված է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին աջակցելու նպատակին։

Այցը կազմակերպվել է Սպիվակովայի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի երկարամյա բարեկամ և նվիրատու GPMgold ընկերության աջակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

Դերասանուհին առաջին անգամ Երևան է այցելել 2024-ի ապրիլին՝ Ազգերի թատրոնի «Դեղձանիկը. Մարիա Կալասի վերջին երեք օրերը» ներկայացմամբ։ Այդ ժամանակ նա նաև ընդունել էր հիմնադրամի բարի կամքի դեսպանի պատվավոր կարգավիճակը, իսկ այս այցը դիտվում է որպես այդ առաքելության շարունակություն։

«Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի Արտիստիկ թատրոնի բեմում կցուցադրվի Մոսկվայի Ազգերի թատրոնի «Տուրգենև. Սիրո մետաֆիզիկան» (ռեժիսոր՝ Դ. Սերդյուկ) երկու ներկայացում։ Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի նամակագրության վրա հիմնված նրբագեղ գրական-երաժշտական կոմպոզիցիա է, որը ուղեկցվում է Շոպենի, Սաթիի, Շվարցի և Դեսյատնիկովի երաժշտությամբ», – ասվում է կազմակերպիչների հաղորդագրությունում։

Ներկայացումներից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին, որն աջակցում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաներին ու երիտասարդներին։

Սեպտեմբերի 20-ին նախատեսվում է բարեգործական ընթրիք Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը կրկին հրավիրել մանկական օնկոլոգիական հիվանդությունների խնդրին և ընդգծել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի կարևոր առաքելությունը։