Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով ընդդիմության քննադատություններին, հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը շարունակելու է մնալ հավասարակշռված, հիմնված բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա՝ հանուն ՀՀ սուվերենության, սահմանների անխախտելիության և ժողովրդի խաղաղության ու բարեկեցության։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը` Հովհաննիսյանը նկատել է, որ ընդդիմադիրների արտահայտած մտքերը հակասում են միմյանց, հայտնում է 1lurer.am-ը։
«Եկել ասում եք՝ վերադարձ: Ձեր առաջարկը ո՞րն է: Ձեր կողմից այս տեքստը ասելը ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ ԼՂ հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանi ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա, այլ մնա: Մնա ու չանցնի այս դժոխային վիճակի միջով, մնա իր հողում: Ինքնորոշում եք խոսում, խառը բաներ եք խոսում, էդ ամենի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար: Չե՞ք ուզում Ղարաբաղի ժողովրդին ասեք՝ մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար:
Ձեր կողմից իշխանական, պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի Հանրապետությունը: Լուծարել եք, դրոշները բերել, դրել եք էդտեղ, որ ի՞նչ: Ամաչեք Ղարաբաղի ժողովրդից, և Ղարաբաղի ժողովուրդը ձեզանից այդ պատասխանը պետք է ստանա»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեl 1«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նա նաև ասել է, թե ընդդիմադիրներն այն մարդիկ են, որ հնարավոր «բոլոր ստերը տարածեցին խաղաղության համաձայնագրի տեքստի մասին»։
«Տեքստը հրապարակված է, և այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին», – ասել է Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին կոչ անելով ներողություն խնդրել տարածած ստերի համար։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






