AM
12 Սեպտեմբեր 2025 - 13:37 AMT

Գրիգորյանը Բեռլինում ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրի հետ։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները, ինչպես նաև դրանցով պայմանավորված տնտեսական հեռանկարները։ Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության ապահովմանը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստան-Գերմանիա երկկողմ կապերի խորացման օրակարգին։ Քննարկման առարկա են դարձել ապաշրջափակման շնորհիվ ձևավորվող նոր տնտեսական համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը։ Բացի այդ, քննարկվել են էներգետիկ ոլորտում գործակցությունը և այլ հրատապ հարցեր։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։