ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու իրենց անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը:
Հայաստան է ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Երիտասարդների ձեռքում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներ էին, «Ոչ ուրացմանը» պաստառներ։ Մասնակիցները ելույթ են ունեցել նաև անգլերենով, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման անվան տակ։ Սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ այս հանդիպումը թուրքական կողմի նախապայմանների բավարարման համատեքստում է։ Դրա վառ ապացույց է ՀՀ կառավարության կողմից այցի ժամանակացույցը և օրակարգը գաղտնի պահելը»,– նշել են մասնակիցները։
Կառավարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը հայտարարել է. «Մենք այստեղ ենք մի քանի պահանջով, մեսիջով։ Միգուցե Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ներսում չէ, միգուցե գնացել է, բայց հասցեատերը, հրավիրողն այս մարդիկ են»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Գոռ Սարգսյանը հավելել է, որ թուրք բանագնացը երբ որ գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Փաշինյանի ու նրա խմբի հետ, այլ հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ներկայացնում են իրականությունը։
«Մենք ուզում էինք այսօր հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, ծանոթացնել Բաքվում գերության մեջ գտնվողների ընտանքիների անդամների հետ, ուղեկցել Եռաբլուր՝ ցույց տալու, թե ինչ վիճակ է իրական Հայաստանում»,–ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ցանկացել են Քըլըչին հիշեցնել. «2020 թվականի պատերազմի օրերին Փաշինյանը Թուրքիայի մասին խոսելուց արտահայտվում էր, որ Թուրքիան տարածաշրջան գալիս է նոր ցեղասպանությամբ։ Փաշինյանն այսօր վարում է թուրքական քաղաքականություն, բայց հայ ժողովուրդն իրականությունը գիտի՝ Թուրքիայի նպատակն այս տարածաշրջանում առանց հայերի Հայաստան ունենալն է և այն «խաղաղությունը», որը Արևմտյան Հայաստանում է, Արցախում է։
Մենք դեմ ենք այդ քաղաքականությանը։ Թուրքիան 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն իրականացրեց, նույն քաղաքականությունն իրականացրեց Արցախում։ Արցախում փաստացի տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում։
Այդ քաղաքականությունը Թուրքիայում չի փոխվել։ Հայ ժողովրդի երիտասարդները գիտեն այդ մասին, չեն ուրանալու, մոռանալու։ Ռուբինյաններն ու Փաշինյանները հայ ժողովրդի ճակատագիրը չեն որոշելու։ Մենք ուզում էինք այդ ուղերձը փոխանցել Քըլըչին»,–ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։
ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ պիկետը պետք էր 2 ժամ առաջ անել, հայտնում է Radar Armenia-ն։
«Ես երիտասարդներին, այդ թվում՝ դաշնակցականներին, քամահրանքով չեմ վերաբերվում։ Ես ասում եմ հետևյալը․ շատ տարօրինակ է, որ ԱԺ-ում նիստ եմ վարում Սևանի ջրառի մասին, և այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին հայտնելու իրենց դժգոհությունը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դա տիպիկ է Դաշնակցությանը՝ անել մի բան, որը ուշացած, անիմաստ է և հիմնված կեղծ տեղեկությունների վրա։
Նրա խոսքով՝ այդ պիկետը նախ պետք էր անել 2 ժամ շուտ, երկրորդ՝ ԱԳՆ-ի դիմաց, ոչ թե՝ կառավարության, քանի որ հանդիպումն այնտեղ է եղել․
«Պիկետի բովանդակությունն այն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում հանրությունից։ Գաղտնի չի պահվում»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ այդպես ցանկանում էր ի ցույց դնել ՀՅԴ ղեկավարների՝ անիմաստ ու կեղծ օրակարգեր հետապնդելը։
Քըլըչին Մարգարայի սահմանային անցակետի տարածքում դիմավորել է Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:






