AM
12 Սեպտեմբեր 2025 - 14:53 AMT

ԱԺ-ն վավերացրել է ԱՄԿ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

Հայաստանի Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ դրա դրույթները վերաբերում են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներին։ Կոնվենցիայով նախատեսվում է կանխարգելել ու բացառել աշխատանքային հարաբերություններում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով աշխատողներին, աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին և նույնիսկ արդեն աշխատանքը դադարեցրած անձանց։

Փաստաթուղթը միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Նախարարության հաղորդմամբ՝ կոնվենցիայի վավերացումը համահունչ է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման նպատակներին։

Նշվել է, որ թեև Հայաստանի օրենսդրությամբ արդեն ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքներ, կոնվենցիայի վավերացումը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումների իրականացում։