AM
13 Սեպտեմբեր 2025 - 07:19 AMT

Փաշինյանը ծանոթացել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող և արդեն իրականացված մի շարք նախաձեռնությունների ընթացքին։

Այցի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում կառուցված «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցը։ Վարչապետը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու կրթական պայմաններին։ Ծրագիրը ֆինանսավորել է «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամը՝ հատկացնելով 780 մլն դրամ։ Դպրոցի գույքը տրամադրել է կառավարությունը։ Մոտ ապագայում, պետական ֆինանսավորմամբ, նախատեսվում է նաև մարզադահլիճի կառուցում։ Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար, իսկ 2025 թվականի տվյալներով սովորողների թիվը կազմում է 114։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 2024-ի ապրիլին և ավարտվել՝ 2025-ի սեպտեմբերի 1-ին։

Վարչապետն ուսումնական տարվա մեկնարկի ու դպրոցի բացման կապակցությամբ շնորհավորել է ներկաներին, երախտագիտություն հայտնելով Մանգոյան ընտանիքին, ՔՈԱՖ-ին ու բոլոր բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ծրագրի իրականացման գործում։ Այդ համատեքստում, Փաշինյանը խոսել է Հայաստան-Սփյուռք կապերի մասին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է որդեգրել նոր մոտեցումներ։

Վարչապետը երեխաներին խոստացել է, որ պետական աջակցությամբ ու ՔՈԱՖ-ի գործընկերների միջոցով կկառուցվի ստանդարտներին համապատասխանող փակ մարզադահլիճ։

Փաշինյանը կարևորել է կառավարության «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձի գաղափարական հիմքը՝ ընդգծելով, որ սոցիալական կամ մարդասիրական օգնությունն ինքնին չի բարելավում մարդկանց կյանքը։ Նրա համոզմամբ՝ դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է արժանապատվորեն ապրել։

«Համոզված եմ, որ այս դպրոցը Դեբեդի երեխաների ավելի լավ կյանքի սկիզբ է, և մենք պետք է նրանց ուղղորդենք այդ ուղղությամբ, որովհետև երեխաների, ընտանիքների, գյուղացիների, քաղաքացիների լավ ապրելը նշանակում է, որ երկիրն է լավ ապրում, երկրի լավ ապրելը նշանակում է, որ քաղաքացիներն ավելի լավ են ապրում: Սա մեր պարզ, շատ պրիմիտիվ հնչող, բայց շատ բարդ իրագործելի նպատակն է, բայց ես համոզված եմ, որ մենք, ի հեճուկս բոլոր բարդությունների, այդ նպատակը կիրագործենք»,–ասել է

Այնուհետև վարչապետն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղում ծանոթացել է ինֆեկցիոն մասնաշենքի կառուցման ընթացքին։ Ծրագրի արժեքը կազմել է 956 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, իսկ մնացածը՝ դրամաշնորհային աղբյուրներից։ Նոր մասնաշենքում նախատեսված է 50 մահճակալ։ Շինարարությունն սկսվել է 2023-ի մայիսին, ավարտվել՝ 2025-ի մարտին։ Բուժսարքավորումների ու գույքի ձեռքբերման համար հատկացվել է 99 մլն դրամ։

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը արժեցել է 245 մլն դրամ, որը տրամադրել է Կառավարությունը։ Դպրոցն ունի 358 աշակերտի տարողություն։ Շինարարության ավարտը նախատեսվում է հոկտեմբերին։ Այն ներառված է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում։

Այցելություն է կատարվել նաև Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են հիմնանորոգման և նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է մոտ 364 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար և նույնպես ընդգրկված է նույն կրթական ծրագրում։

Կոտայքի մարզում Նիկոլ Փաշինյանը կանգառ է կատարել Հրազդանի թիվ 2 նորակառույց դպրոցում, որի շինարարությունը կատարվել է Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և կառավարության համաֆինանսավորմամբ։ Շինարարության արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 912 մլն դրամ։ Նախատեսված է 432 աշակերտի համար։ Շինարարությունն սկսվել է 2021-ի նոյեմբերին, ավարտվել՝ 2025-ի օգոստոսին։ Դպրոցն ընդգրկված է պետական 300 դպրոցների վերանորոգման ծրագրում։

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ շինարարական որակի բարելավումը կրթական ենթակառուցվածքներում արդեն նկատելի է։ Նա հավելել է՝ երեխաներն էլ պետք է գիտակցեն, որ այս դպրոցներն ստեղծվել են իրենց ծնողների վճարած հարկերով։ Այդ համատեքստում նա կարևորել է ՀԴՄ կտրոնի պահանջման մշակույթի ձևավորումը։

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք այսպիսին, ինչպիսին այս և մյուս նորակառույց դպրոցներն են, որոնք անթերի չեն և, իմիջիայլոց, երբեք էլ անթերի չեն լինելու, բայց ուրախ են, ապրող են, հեռանկար ունեցող են, լուսավոր են, ընդարձակ են, շունչ ունեն, հոգի ունեն, կյանք ունեն, ապրելու են և լավ են ապրելու»,–ասել է նա։

Այցելությունը շարունակվել է Հրազդանի համայնքի մոդուլային 144 տեղանոց մսուր-մանկապարտեզում, որտեղ շինարարությունը հասել է եզրափակիչ փուլին։ Ծրագիրն արժեցել է 929 մլն դրամ, որը տրամադրվել է պետբյուջեից։

Գեղարքունիքի մարզում վարչապետն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալով կրթական և կառուցվածքային պայմաններին։ Ծրագիրը արժեցել է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ։ Կառավարության միջոցներով կառուցվել է մոդուլային դպրոց և 20 տեղանոց նախակրթարան։ Շինարարությունը մեկնարկել է 2021-ին և ավարտվել՝ 2025-ին։

Փաշինյանը հորդորել է երեխաներին զգալ իրենց ուժն ու ազատությունն այս դպրոցում. «Ես ուզում եմ, որ դուք այս դպրոցում ձեզ զգաք որպես ազատ և հպարտ քաղաքացի, այս դպրոցում զգաք ձեր ուժը, ձեր ստեղծագործության ուժը, գիտելիքի ուժը, այս դպրոցում դուք հասկանաք, որ այսօր, ամեն օր կառուցվում է ձեր ապագան»:

Անդրադառնալով «Ապագան այսօր է» կարգախոսին՝ վարչապետը նշել է, որ դա առավելագույնս վերաբերում է դպրոցներին, քանի որ հենց կրթական գործընթացն է կանխորոշում երեխաների ապագան՝ 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ։

Խոսելով աղքատության խնդրից՝ նա վստահեցրել է, որ այն 80%-ով ուղիղ կապված է կրթության որակի հետ։

«Սիրելի երեխաներ, սա ձեր տաղանդի արտահայտման տարածքն է: Սա ձեր տունն է: Դուք այստեղ պետք է ապրեք և դուք այստեղ ամեն օր պետք է տեսնեք, ստեղծեք սեփական ձեռքերով ձեր ապագան։ Այս գրքերը և այն դասերը, որոնց դուք առնչվում եք, այս դասասենյակները, այս դպրոցը, ուսումնական ծրագիրը, որոնց հետ դուք առնչվում եք, ձեր ապագայի բանալին են։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք տիրապետեք, գտնեք այդ բանալին և գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագան»,–ասել է վարչապետը։