AM
13 Սեպտեմբեր 2025 - 08:13 AMT

ԱՆ–ն՝ բողոքներին ի պատասխան․ Պետպատվերը չի կարող վերջանալ, այն կարող է կազմակերպվել հերթագրման ձևով

Առողջապահության նախարարությունը, պատասխանելով այն բողքներին, որոնց համաձայն մի շարք բժշկական կենտրոններում իրենց մերժում են պետպատվերի շրջանակում սպասարկելուց՝ պատճառաբանելով, թե «պետպատվերը վերջացել է», հայտնել է, որ պետպատվերը չի կարող վերջանալ, այն կարող է կազմակերպվել հերթագրման սկզբունքով, տեղեկացնում է «Հետքը»։

Նշվում է, որ 2025 թվականի պետական պատվերի տարեկան բյուջեն կազմել է 135 մլրդ դրամ, որից ծախսվել է 98.9 մլրդը։ Այսինքն` այս տարվա համար նախատեսված բյուջեի մնացորդը 36.1 մլրդ դրամ է, որը ըստ առողջապահության նախարարության՝ բուժհաստատություններին տրվում է ոչ թե նախապես բաշխված բյուջեով, այլ՝ յուրաքանչյուրը ստանում է` ըստ անհրաժեշտության՝ կատարած աշխատանքի դիմաց։

Յուրաքանչյուր տարի պետական պատվերի տարեկան ծավալը հաշվարկվում է նախորդ տարում փաստացի կատարված աշխատանքների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց աճի տեմպը և գների փոփոխությունները: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ներկայումս իրականացվում են պետական բյուջեով առողջապահությանը հատկացված միջոցների փոփոխության և վերաբաշխման աշխատանքներ:

Նշվում է, որ պետպատվերը չի կարող վերջանալ։ Եթե հիվանդը բուժհաստատություն է դիմում պլանային բուժման, նրան հերթագրում են այն դեպքում, երբ տվյալ բժշկական ծառայության համար (օրինակ՝ ԿՏ, ՄՌՏ) պետբյուջեից հատկացված գումարը կիսամյակի առաջին հատվածում արդեն օգտագործված է ավելի քան 20%-ով։ Այսինքն՝ քանի դեռ օգտագործված գումարի չափը չի անցել այդ շեմը, պլանային հիվանդներին ընդունում են առանց հերթագրելու։ Երբ գումարի օգտագործումը անցնում է 20%-ը, նոր պլանային դիմողները սկսում են հերթագրվել։ Իսկ շտապ դեպքերում (կյանքին սպառնացող, անհետաձգելի), մարդուն անմիջապես են ընդունում՝ անկախ գումարի սահմանափակումից։