AM
13 Սեպտեմբեր 2025 - 09:51 AMT

Covid-19-ի ծանր դեպքերի 78%-ի դեպքում գրանցվել է սեպսիսի զարգացում

Սեպսիսը վարակիչ հիվանդությունների մեծ մասի մահվան հիմնական պատճառն է, ներառյալ բակտերիալ, վիրուսային և սնկային ախտածիններ, ինչպես նաև մակաբույծներ (մալարիայի հարուցիչներ): Այն հանդիսանում է 5-ից 1-ի մահվան պատճառը: Չնայած նվաճումներին` սեպսիսից 30 օրվա ընթացքում մահացությունը բարձր է մնում նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի (33.7%) և Եվրոպայի (32.5%) զարգացած երկրներում: Բացի այդ, սեպսիս ունեցող անձինք հաճախ բախվում են կրիտիկական վիճակի երկարաժամկետ հետևանքների, որոնք փոխում են կյանքի որակը և մասնագիտական խնամքի, վերականգնման կարիք ունեն, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։

2012 թվականին ձևավորված գլոբալ դաշինքը սեպտեմբերի 13-ը հռչակել է սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օր, որն այսօր ընդգրկում է 170 երկրներում գործող շահագրգիռ կողմերի մասնակցություն։ Այս օրը ընդգծում է պետական կառույցների, քաղաքական որոշում կայացնողների, գիտնականների, բժիշկների, բուժվողների, ուսանողների և լրատվամիջոցների դերը՝ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ։ 2024 թվականի արշավը նշանավորվել է մինչև 2030 թվականը նախատեսված սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հռչակմամբ։

Տարեվերջյան կարգախոսը՝ «5 ՓԱՍՏ, 5 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ», ընդգծել է սեպսիսի վերաբերյալ կարևոր ճշմարտություններ և հրատապ քայլեր, որոնք ուղղված են միլիոնավոր կյանքեր փրկելուն։

Սեպսիսի մասին 5 հիմնական փաստերը՝

  1. Սեպսիսը մնում է վարակիչ հիվանդություններից մահացության գլխավոր պատճառն ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր 3 վայրկյանին մեկ մարդ մահացել է սեպսիսից։ Ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան գրանցվել է մոտ 48.9 միլիոն դեպք՝ 11 միլիոն մահվան դեպքով։ Օքսֆորդի համալսարանի տվյալներով՝ 2021 թվականին սեպսիսից մահացել է 21 միլիոն մարդ, որոնցից 4 միլիոնը՝ հակամանրէային կայունության հետևանքով։
  2. Սեպսիսն առավելապես ազդում է խոցելի խմբերի վրա։ Աշխարհում սեպսիսի ընդհանուր բեռի 85%-ը կենտրոնացած է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Այնուամենայնիվ, բարձր եկամուտ ունեցող երկրներում այն մնում է հիվանդանոցային մահացության հիմնական պատճառը։ Մինչև հինգ տարեկան երեխաները ամենախոցելին են՝ տարեկան գրանցվում է մոտ 20 միլիոն դեպք, ներառյալ նորածինների շրջանում։ Կանայք, տարեցները և իմունային թուլություն ունեցող մարդիկ նույնպես համարվում են ռիսկային խումբ։
  3. Սեպսիսով պայմանավորված մահվան զգալի մասը հնարավոր է կանխել։ Կանխարգելման մեթոդները՝ պատվաստումներ, հիգիենայի պահպանում, հակահամաճարակային կանոնների իրականացում և վաղ ախտորոշում, կարող են փրկել կյանքեր։ Հակաբիոտիկների կիրառման ուշացումը նույնիսկ մեկ ժամով՝ մահվան հավանականությունը բարձրացրել է 0.4-7%-ով։
  4. Սեպսիսի կանխարգելման ուղղությամբ ազգային մակարդակով քաղաքականություն ունի ընդամենը 15 երկիր։ Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության գլոբալ ազդեցությունը տարածվել է բոլոր տարածաշրջաններում և կապված է աշխարհում գրանցվող մահերի 20%-ի հետ, միայն երկրների 15%-ն է ներդրել համապատասխան ռազմավարություն։ Սակայն 180 երկրում առկա են հակամանրէային կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր, ինչը կարևոր է, քանի որ սեպսիսից մահվան պատճառներից են հենց այդ կայուն շտամները։ Նախաձեռնված միջոցառումները ոչ միայն փրկում են կյանքեր, այլև նվազեցնում են առողջապահական ծախսերը։
  5. Անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր սեպսիսի գլոբալ բեռը նվազեցնելու համար։ Առանց սեպսիսի դեմ պայքարի արդյունավետ համակարգերի՝ անհնար կլինի հասնել 2030-ի կայուն զարգացման նպատակներին։ Կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և արդյունավետ բուժումն արտացոլում են առողջապահական համակարգի որակը՝ սկսած առաջնային օղակից մինչև վերականգնողական բաժանմունք։

Առանձնահատուկ շեշտադրում է արվել համաճարակային պատրաստվածության կարևորության վրա։ Նշվել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող Covid-19 հիվանդների մոտ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս։ Արտակարգ իրավիճակների ժամանակ բուժաշխատողները, ռազմական անձնակազմը և մարդասիրական ոլորտի մասնագետները գտնվում են բարձր ռիսկի տակ։

Սեպսիսի դեմ պայքարի 5 հրատապ գործողությունները՝

  1. Յուրաքանչյուր պետություն պետք է մշակի հստակ ռազմավարություն, սահմանել առաջնահերթություններ և հատկացնել ֆինանսական միջոցներ սեպսիսի դեմ պայքարի համար։
  2. Անհրաժեշտ է մշակել ազգային ուղեցույցներ՝ բուժանձնակազմի վերապատրաստման և սեպսիսի վերաբերյալ համապարփակ կրթական ծրագրերի համար։
  3. Առողջապահության ոլորտի մասնագետները պետք է կենտրոնանան վաղ ախտորոշման մեխանիզմների մշակման և շտապ բուժման ընթացակարգերի վրա։
  4. Հասարակության իրազեկվածության բարձրացումը՝ ԶԼՄ-ների և այլ հանրային հարթակների միջոցով, կարող է վճռորոշ դեր ունենալ կյանքեր փրկելու հարցում։
  5. Սեպսիսի կանխարգելման միջոցառումներին արտակարգ իրավիճակներում պետք է տրվի գերակայություն։

Այս նախաձեռնությունների համադրված իրականացումը միտված է սեպսիսով պայմանավորված առողջապահական ու տնտեսական հետևանքների մեղմացմանը՝ ԱՀԿ անդամ երկրների համատեղ ջանքերով՝ մինչև 2030 թվականը։