AM
13 Սեպտեմբեր 2025 - 10:22 AMT

ՆԳ նախարարը և ԱՄՆ ներկայացուցիչն անդրադարձել են «Թրամփի ուղի» նախագծին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներով ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ հարցերին։

Սարգսյանը կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և ընդգծել Վաշինգտոնի նշանակալի դերը խաղաղության ամրապնդման գործում։ Նա առանձնացրել է նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը՝ որպես համագործակցության նոր ուղիներ բացող քայլ։

Արփինե Սարգսյանն անդրադարձ է կատարել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ գործընկերությանը՝ մասնավորապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում։ Նա կարևորել է նաև ոստիկանության բարեփոխումներին ամերիկյան աջակցության ցուցաբերումը։ Այս համատեքստում քննարկման առարկա է դարձել կիբեռլաբորատորիայի ստեղծման շուրջ ընթացող աշխատանքը։

Բրենդան Հենրեհենը իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և կարևորված գործընկերությունը Ներքին գործերի նախարարության հետ՝ վստահեցնելով շարունակական աջակցության տրամադրումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններով առնչվող թեմաներ։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։