AM
15 Սեպտեմբեր 2025 - 07:46 AMT

Փաշինյան. Ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ ՀՀ–ինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ըստ նրա՝ նա արել է դա, որ ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, հայտնում է Panorama.am-ը։

«Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի պարզ պատճառով։ Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Հետևաբար, ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրիշ ճանապարհ պարզապես չկա։

Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության այդ ռազմավարությունը և այդ ռազմավարությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը»,–ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ կարևորագույն խոսակցություն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այստեղ էր, որ մենք հենվեցինք Ալմաթիի հռչակագրի վրա, ու տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին՝ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- շարունակել է Փաշինյանը։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։