Կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել՝ ներկայացնելով «Մեր ձևով» շարժման առաջնահերթությունները։
«Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։ Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։
Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։
Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։
Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Մեր երիտասարդ ծնողները աշխատանքի ընդունվելիս կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով։
Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք: Շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար։
Անելու ենք՝ մեր ձևով»,-ասվում է ուղերձում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






