AM
15 Սեպտեմբեր 2025 - 08:39 AMT

Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգ

Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգ։ Համապատասխան նախագիծը քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նոր կարգը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափերը: Կարգի ընդունումը կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ 2024–ի մարտի 5-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարված փոփոխություններով օրենսդրորեն ամրագրվել են օրհներգի երկար ու կարճ խմբագրությունները՝ համապատասխան երաժշտական ու տեքստային տարբերակներով։

Մինչ այդ փոփոխությունները գործնականում կիրառվել է միայն մեկ ստանդարտ տարբերակ, ինչի հետևանքով բացակայել է հստակություն՝ որ խմբագրությունը երբ և որտեղ պետք է հնչի։

Նոր կարգով հստակ սահմանվում է՝ որ դեպքերում է կիրառվելու օրհներգի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։

Դա կնպաստի օրհներգի առավել արդյունավետ, միջոցառման ձևաչափին համապատասխան և ժամանակի սահմանափակումներին համապատասխան կիրառմանը՝ առանց բովանդակային և արարողակարգային շեղումների: Հստակեցվում է նաև թե ինչ ձևաչափի արարողություններին, օրհներգի որ տարբերակն է կատարվելու՝ նվագախմբային կամ նվագախմբային և երգչախմբային կամ միայն երգչախմբային կամ մեներկային կամ մենանվագային: