ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակնհայտորեն առաջ քաշվող նախապայմաններին, որոնց առկայությունը չի ընդունվում իշխանության կողմից։
«Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի.
-Ադբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը
-Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս
-Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից
-Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնվել ենք
-Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնվել ենք
-Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք:
Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները:
Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին»,–գրել է նա։
ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։






