AM
15 Սեպտեմբեր 2025 - 09:52 AMT

Ավինյան․ 2026-ից հին տրոլեյբուսներն այլևս չեն շահագործվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ընթացող տրանսպորտային բարեփոխումներին: Նա հայտարարել է, որ 2026–ից հին տրոլեյբուսներ այլևս չեն շահագործվի։

«Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցը ամբողջությամբ թարմացնել, և հին տրոլեյբուսները այլևս չենք տեսնի փողոցներում»,- նշել է նա, հայտնում է Radar.am-ը։

Նա հավելել է, որ երթուղիներում ավելացվել է 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին։

Ավինյանը նաև անդրադարձել է մայրաքաղաքում ներդրված միասնական տոմսային համակարգին։

«Ներդրել ենք միասնական տոմսային համակարգը, իր բոլոր խնդիրներով ու թերություններով պետք է հասկանանք, որ 35 տարվա մի համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը այս պահին թղթային որևէ կրիչ չունի։ Մենք կարողացել ենք այս ծրագիրը ամբողջապես իրականացնել»,–ասել է Ավինյանը։