AM
15 Սեպտեմբեր 2025 - 09:58 AMT

Փաշինյան․ Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց ՀՀ–ն 150 տարի անց կլինի պետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում հայտարարել է, որ իրենց նպատակը միայն այսօր խաղաղություն ու անվտանգություն ապահովելը չէ, այլ երկարաժամկետ նպատակադրում է։

«Մեր խնդիրը չէ, որ մենք այսօր ապահովենք խաղաղություն ու անվտանգություն, բայց հետո գնանք, 10 տարի անց հերթական պայթյունը տեղի ունենա, ոտներս գցենք ոտներիս, մուշտուկները դնենք բերաններս ու ասենք՝ «տեսեք, որ ասում էինք»,–ասել է մա, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ իրենց խնդիրն այն է, որպեսզի այժմ ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ոչ միայն ներկայում են ապահովելու անվտանգություն, այլ նաև հարյուրամյակների հեռանկարում։

«Մենք անհարիր ենք համարում մտածել շաբաթով, ամսով, տարիով, նույնիսկ՝ տասնամյակով, ընդ որում՝ մենք այս կետին հասել ենք այն կետից, երբ մտածում էինք երկու ժամով»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ եթե այսօր իրենց համարեն դավաճան, ապա իրենց գործողությունների արդյունքում 100 կամ 150 տարի անց Հայաստանը անպայման լինելու է պետություն։

«Ես երկու տարի առաջ սրա մասին հարց էի տալիս, ես հիմա սա ասում եմ, ասում եմ, որ այդպես լինելու է»,- ընդգծել է նա։

Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը երբևէ այսքան ուժեղ չեն եղել։

«Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի պարզ պատճառով։ Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Հետևաբար, ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրիշ ճանապարհ պարզապես չկա»,–ասել է նա։