Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովում հայտարարել է, որ խաղաղությունից դուրս այլ անվտանգության երաշխիք գոյություն չունի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Մենք այսօր ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Վարչապետի խոսքով՝ չի կարելի դրան վերաբերվել անտեսումով, քանի որ այն պահանջում է շարունակական ինստիտուցիոնալացում, գրում է 1lurer.am-ը։
«Բոլոր, նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղություններն ինստիտուցիոնալացման կարիք ունեն, որովհետև եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունը ապաինստիտուցիոնալացվում է, քայքայվում է»,- ասել է նա:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






