«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կփոխեին ներկայիս իշխանությունների խաղաղության օրակարգում, ասել է, որ չկա որևէ ուժ կամ անձ, որ չձգտի խաղաղության:
«Որպես զինվորական, վստահ եմ, որ չկա ավելի շատ խաղաղություն ցանկացող անձ, քան նրանք, ովքեր առաջինն են տուժում պատերազմի թոհուբոհում։ Բայց խաղաղությունը պետք է լինի ռեալ, ոչ թե այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են խոսում», – նշել է նա, գրում է Aysor.am-ը։
Օհանյանն ընդգծել է, որ վերջին փաստաթղթի ստորագրումից հետո վարչապետի հայտարարությանը հետևել է ԱԽ քարտուղարի արձագանքը, թե խաղաղությունն անվտանգության երաշխիք է։
«Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Այն հիմնարար արժեք է, որը ձևավորվում է ազգային և միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասել է նա։
Ըստ Օհանյանի՝ իշխանափոխության դեպքում նոր ուժերի առաջնային խնդիրներից պետք է դառնա ազգային երաշխիքների ձևավորումը։
«Առաջին քայլերից մեկը բանակի ամրացումն է։ Եթե ամրությունը կա, ապա հնարավոր է իրական վերաբանակցում՝ մեր շահերից բխող։ Պետք է կետ առ կետ անցնել բոլոր պայմանավորվածություններով և եզրակացություններ անել։ Իսկ այսօր մենք տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն, երբ դեռ փաստաթղթերը չստորագրած և բանակցությունները չսկսած՝ հակառակորդի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հենց բանակցային տրամաբանությանը»,-ասել է նա։
Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովում հայտարարել է, որ խաղաղությունից դուրս այլ անվտանգության երաշխիք գոյություն չունի։






