Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության միջազգային համաժողովում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է բանակ ներգրավել այն անձանց, ովքեր համամիտ են պետության որդեգրած ռազմավարությանը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում մշակված ծրագրերը կյանքի չեն կոչվի։ Նրա համոզմամբ՝ գլխավոր խնդիրը գաղափարական հիմքն է։
«Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Ընդհանրապես մեր հայեցակարգային փաստաթղթերում մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ։ Մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Վարչապետը պատմել է, որ վարժական հավաքների մասնակիցներից ստացել է «հիացական նամակներ» ՊՆ-ի հետ պայմանագրով հասարակական կազմակերպության կողմից իրականացված մարզումների վերաբերյալ։ Սակայն նա հայտարարել է, որ գաղափարական խնդիր է տեսել ու արգելել այդ ձևաչափը։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետությունը պատրաստ է քաղաքացիական կյանքից պրոֆեսիոնալ կադրեր ներգրավել՝ բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։
«Պրոֆեսիոնալ մարտական գործո՞ւմ։ Բայց ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Բանակում մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայեցակարգը, թե իրենցից ինչ ենք ուզում՝ մարտական, ֆիզիկական պատրաստվածությունից մինչև գաղափարական, հստակ չէ։ Առանց գաղափարախոսության բանակը կարող է քաոսի վերածել երկիրը, ինքն իրեն»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակում քրեածին իրավիճակը պայմանավորված է գաղափարական հիմքի բացակայությամբ։
Փաշինյանը շեշտել է, որ բանակը պետք է դիտվի անվտանգության ամենավերջին գործիքը։
«Կա նաև ուրիշ մի բան, որը նախկինում մեզ համար եղել է առանցքային. բանակը մեզ համար եղել է անվտանգության առաջին բնագիծ և առաջին միջոց։ Մեղմ ասած՝ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ։ Ես մի անգամ առիթ ունեցա ասելու, որ չենք էլ նկատել, թե ինչպիսի բեռ ենք դրել մեր զինվորի ուսերին։ Հետո մենք հասկացանք, ցավոք, որ եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգության գործիք։ Երբ անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, պետք է ասել հետևյալը՝ անվտանգությունը բացակայում է կատարելապես», – նշել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ բանակը նույնիսկ երկրորդ կամ երրորդ գործիքը չպետք է համարվի։
«Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Եվ ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, այնքան լավ։ Եթե վերջինը վեցերորդն է, դա արդեն վատ է։ Դա նշանակում է՝ դու բանակից առաջ ունես ընդամենը հինգ գործիք։ Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը։ Սա չի նշանակում, որ դու նսեմացնում ես բանակը»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ նախ պետությունը պետք է պաշտպանի իր բանակը։
«Եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պիտի պաշտպանենք բանակը։ Եթե մենք ուզում ենք զինվորը պաշտպանի մեզ, նախ զինվորին պիտի պաշտպանենք։ Եվ այս անվտանգության 100 շերտը, որ գոյություն ունի բանակից առաջ, զինվորի և երկրի պաշտպանելու համար է։ Այս առումով մենք մեր անվտանգության ռազմավարությունները կառուցում ենք լեգիտիմության հիմքի վրա։ Այո, լեգիտիմությունն է մեր անվտանգության ապահովման առաջին գործիքը»,- եզրափակել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ նախ հարց պիտի տանք ինքներս մեզ․ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ։
«Ուժեղ ումի՞ց՝ մեկ, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու-երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո են»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ճշտել, արդյոք «ուժեղ բանակը» ենթադրում է դաշնակիցների հետ գործակցող բանակ, թե միայնակ գործող։
«Եթե նրանց հետ միասին, այստեղ էլ տասնյակ հարցեր են ծագում։ Եթե առանց նրանց, այստեղ էլ են հարցեր ծագում։ Եվ հետևաբար այստեղ էլ հասկացությունները ճշտելու շատ կարևոր կենսական անհրաժեշտություն կա»,-հավելեց նա։
Վարչապետը շեշտել է, որ այս հարցից բխում է բանակի հիմնական խնդրի սահմանումը։
«Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-շեշտել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները։
«Նախկինում Հայաստանի զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլ նաև հասանելիությամբ։ Հիմա մեր շուկաներն, ըստ էության, անսահմանափակ են։ Ինչու՞, որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարց քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել միջազգային ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը։ Դա անվիճարկելի է»,-եզրափակել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովումհայտարարել է, որ խաղաղությունից դուրս այլ անվտանգության երաշխիք գոյություն չունի։






