ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ վերջին ամիսների համեմատ Հայաստանի նկատմամբ անվտանգային և ռազմական սպառնալիքները զգալիորեն նվազել են։ Նրա խոսքով՝ այս փոփոխությանը մեծապես նպաստել են Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, ինչպես նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաշտոնյայի կարծիքով՝ սպառնալիքներն այսօր ավելի շատ ՀՀ ժողովրդավարության նկատմամբ են։
«Ստեղծվել են նոր հնարավորություններ, սակայն անելիքները դեռ շատ են։ Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չպետք է թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպն ու ռեժիմն է, գաղափարախոսությունն է։ Այդ սպառնալիքները պետք է գնահատենք, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, և հասցեագրենք դրանք ամենօրյա աշխատանքում»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Գրիգորյանը հավելել է, որ այս սպառնալիքները մեկ պետությունից չեն գալիս, այլ ունեն համակցված բնույթ։
Լրագրողների այն հարցին, թե ինչու սեպտեմբերի 13-ին որևէ անդրադարձ չեղավ Ադրբեջանի կողմից Ջերմուկի հրետակոծության և զոհերի մասին, պաշտոնյան պատասխանել է, որ ամեն պահի անհրաժեշտ է ճիշտ մարտավարություն ընտրել։
«Կոնֆլիկտի պատմության ցանկացած շրջանում ցանկացած զոհ, ցանկացած վիրավորում, ցանկացած խաթարված ճակատագիր մեզ համար ունի հավասար կարևորություն և հավասար ցավ է։ Այստեղ այլ բան է, որ խաղաղության կառուցման միջավայրի հարցում պետք է գնանք այնպիսի տակտիկայով, որով նոր զոհեր, անվտանգության նոր սպառնալիքներ չստեղծենք»,– հավելել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` այսօր ՀՀ տեղեկատվական դաշտը բարելավելու և հիբրիդային պատերազմներում հաղթելու համար կարևոր է, որ հասարակությունը քննադատաբար մոտենա չստուգված տեղեկատվությանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով անցնող ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում՝ «Թրամփի ուղի» (TRIPP) անվամբ։ Այն Ադրբեջանին հնարավորություն է տալու առևտրային ելք ստանալ դեպի Նախիջևան։ ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով՝ երկարաձգելու ևս 99 տարվա իրավունքով։
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, երկու երկրների և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ, նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին պարզաբանել է, որ Հայաստանի կողմից հողը չի հանձնվել վարձակալության ամերիկյան կողմին, այլ տրվել է կառուցապատման իրավունք։






