AM
15 Սեպտեմբեր 2025 - 11:21 AMT

Մարագոս․ ԵՄ-ին միանալու համար թեկնածու երկրները պետք է դիմեն՝ ՀՀ–ն դա չի արել

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն, անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին կա Եվրամիությանը միանալու հնարավորություն, ասել է, որ ԵՄ-ին միանալու ընթացակարգերը հստակ են․ պետք է լինեն չափանիշներ, անդամ երկրների միջև կոնսենսուս և թեկնածու երկրի դիմում, հայտնում է NEWS.am–ը։

«Այսպիսով, Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել։ Այնպես որ, եթե այդ պահը գա, մենք պետք է հետևենք կանոններին»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերույթունների վերջնական կարգավորման հնարավորությանը, Մարագոսն ասել է. «Նախ և առաջ, մենք ողջունել ենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ լավ հիմք է առաջ գնալու համար։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագիրը նույնպես կարող է շուտով ստորագրվել։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել՝ աջակցելու խաղաղությանը տարածաշրջանում։ Դա կախված է հենց տարածաշրջանի ժողովուրդներից, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու դրան»։

Հարցին՝ Ադրբեջանը կարո՞ղ է խոչընդոտել այդ խաղաղությանը ագրեսիվ գործողություններով, Մարագոսը պատասխանել է․ «Ես ԵՄ-ի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մենք բոլորս հավատում և հուսով ենք, որ բոլոր գործընկերները կանեն այն, ինչին նրանք պարտավորվել են»։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։