AM
15 Սեպտեմբեր 2025 - 11:55 AMT

ՔՊ քարտուղար․ ՀՀ դրոշմակնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի էմոցիոնալ սիմվոլներից

ԱԺ ճեպազրույցների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է անձնագրային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշմանը՝ նշելով, որ ՀՀ դրոշմակնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի էմոցիոնալ, հուզական սիմվոլներից, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնելու սահմանային կնիքների տեխնիկական փոփոխությունները, որոնց արդյունքում անձնագրերում այլևս չի լինի Արարատ լեռան պատկեր։

«Մենք ամեն բան անում ենք, որ ՀՀ-ի վերաբերյալ տարընկալումներ չլինեն, և մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն ելնեն բացառապես պետականության սկզբունքից։ Մեր հարևանների հետ հարաբերություններում մենք ելնում ենք Ալմաթիի հռչակագրից, մեր յուրաքանչյուր գործողություն՝ լինի կնիքի, թե հայտարարության ձևով, պետք է վտանգավոր մեսիջներ չպարունակի»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք զինանշանից ևս կհեռացվի Արարատը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ նման քննարկում ներկայումս չկա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ՔՊ խմբակցության քարտուղարը նշել է, որ որևէ իմիտացիա չկա և իր համար զարմանալի են առաջընթացի բացակայության մասին հայտարարությունները։

«Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչն այցելեց Հայաստան, բավականին դրական մթնոլորտում քննարկումներ են տեղի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մեր թուրք գործընկերների հետ հարաբերություններն առաջ կշարժվենք այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային խոսվել է, և ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա իրականություն կդառնան», – նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և հայ–թուրքական հարաբերություններն իրարով չի պայմանավորում։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հարցին, կարծիք է հայտնել, որ իշխանությունները մտադիր են հեռացնել Արարատի պատկերը նաև մյուս խորհրդանիշներից, հայտնում է Panorama.am-ը։

«Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպիսին, որ Արարատ լեռան պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից, փաստաթղթերից, կնիքներից»,-ասել է նա։

Օհանյանն ընդգծել է, որ Արարատ լեռան խորհրդանիշը որևէ տարածքային պահանջ չի ենթադրում հարևան երկրների նկատմամբ։

«Աjն մեր խորհրդանիշն է, խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը»,- ասաց Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ իշխանությունների իրական նպատակը մեր ինքնությունը թուլացնելն է և միաժամանակ «այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»։

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն մեկնարկած է․ այն ուղղված է սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Սեպտեմբերի 12-ին Հայաստան է այցելել Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որին «Մարգարա» անցակետում դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։ Նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 11-13-ը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում։