AM
15 Սեպտեմբեր 2025 - 12:16 AMT

Քաղաքապետ․ Կոռուպցիոն կասկածով գրեթե ամբողջ վարչություն եմ լուծարել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում աշխատակիցների թիվը անցնում է 30 հազարը, և հակակոռուպցիոն պայքարը վերջին շրջանում ավելի ակտիվ է դարձել։

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ կոռուպցիոն կասկածների հիմքով ինքը լուծարել է գրեթե մի ամբողջ վարչություն, հայտնում է Radar Armenia-ն։

«Մի ամբողջ վարչության գրեթե բոլոր աշխատակիցները դիմում են գրել։ Որ փնտրեք, կգտնեք այդ թեման»,-ասել է նա։

Ավինյանը հայտնել է, որ իրավապահ համակարգի հետ ունեցել են խորհրդակցություններ։

«Երևանի քաղաքապետարանում, նաև մեր տեղեկացվածությամբ, եղել են որոշակի գործողություններ, բայց եղել են նաև գործողություններ, որոնց հետ համաձայն չենք եղել։ Ունենք դեպքեր, երբ անձը բերման է ենթարկվել ու կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որ ինչ-որ բան տեղի ունենա, իսկ վարչության պետը կալանավորվել է, որ թույլ չի տվել՝ դա տեղի ունենա։ Բայց այս շրջանում նման խնդիրներ կարող են տեղի ունենալ, և ես չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ասացվածք կա՝ անտառը կտրում են, տաշեղները թռչում են»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:

Քաղաքապետարանում ձերբակալություններ եղել են նաև 2023–ին։