ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի ակտիվ շրջանին ընդառաջ ձեռք է բերել քառավալենտ պատվաստանյութ և բաշխել այն առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին։
Բոլոր քաղաքացիները, անկախ հաշվառումից, կարող են անվճար պատվաստվել պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում։
Նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց՝ հղիներին, 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, տարեցներին, քրոնիկ հիվանդներին, բուժաշխատողներին, ինչպես նաև փակ կազմակերպությունների աշխատակիցներին ու շահառուներին։
Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակում կատարված լաբորատոր հետազոտություններում Հայաստանում գրիպի վիրուս չի հայտնաբերվել։ Փոխարենը արձանագրվել են այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուս, պարագրիպ, ադենովիրուս, մետապնևմավիրուս և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպից պաշտպանվելու և դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը մնում է պատվաստումը։






