Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիսում հայտնել է, որ ԱՆԻՖ-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է մոտ մեկուկես տարի առաջ։
«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ իրավապահ մարմիններին», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Ավինյանը, անդրադառնալով քննվող դրվագներին, հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը համագործակցել է ամերիկյան «Օրբիս» ընկերության հետ և առաջարկել է իրավապահներին դիմել այդ ընկերությանը կամ ԱՄՆ-ին՝ որոշակի հանգամանքները պարզելու համար։ Նա չհամաձայնեց այն պնդման հետ, թե ԱՆԻՖ-ը եղել է անարդյունավետ կառույց։
«ԱՆԻՖ-ի դեպքում քննությունն անելն այնքան էլ պարզ չէ, որովհետև ԱՆԻՖ-ն, օրինակ, այն տեսակի գործարքներ էր անում, որ կարող է ՀՀ-ում առաջին անգամ լիներ, օրինակ՝ սվոպ օպցիոնով պայմանագիր։ Այսինքն՝ այդտեղ իրականում երբ ուզում ես քննես, պետք է շատ, երկար ու մանրամասն քննես, որը հիմա է տեղի ունենում», – հավելել է Ավինյանը։
Նա անդրադարձել է նաև այն փաստին, որ ԱՆԻՖ-ում աշխատել է իր դասընկեր Դմիտրի Ալեկսեյենկոն և կնոջ ծանոթ Կարինե Անդրեասյանը՝ նշելով, որ վերջինիս ընտրել են ամերիկացի գործընկերները։
«Երբ տիկին Անդրեասյանն ինձ զանգահարեց ու ասաց, որ սենց պրոցես է տեղի ունեցել, ես ասացի՝ Կարինե ջան, եթե դու վստահ ես, քանի որ ոլորտի մասնագետ չես, ինքն ասաց, որ վստահ է», – պատմել է նա։
Ավինյանը նաև հիշեցրել է «Բերրիմաունթ» ՓԲԸ-ի հետ 2.5 մլն դոլար ներդրումային գործարքը, որը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության միջոցով։ Նրա խոսքով՝ եթե ներդրումն իրականացվել է հաջողակ գործարարի հետ և ԱՆԻՖ-ը չի տուժել, ապա անարդյունավետության մասին խոսելը ճիշտ չէ։
Քաղաքապետը նաև հերքել է իր և ընտանիքի հարստացման մասին տեղեկությունները՝ նշելով․ «19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր «Մերսեդես ջիպի» մեջ, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի ինքը, Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով որևէ մրցույթի տենդեռի չի մասնակցել»։
Նա հավելել է, որ իրենց ընտանիքի ունեցվածքը ձեռք է բերվել «արդար քրտինքով»։
Լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին, որ Ավինյանների ընտանիքը գնել է Նորք-Մարաշում եռահարկ առանձնատուն, որի գինը գնահատվել է 500–650 հազար դոլար։ Ըստ հրապարակումների՝ հողամասը ձեռք է բերվել շուկայականից տասնապատիկ ցածր գնով, իսկ վաճառողը եղել է փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայրը։ Քաղաքապետի հայրը, Արմեն Ավինյանը, «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ նշված թվերը չափազանցված են։
Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ Գեղարքունիքի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Ավինյանի հոր առանձնատան շինարարությունը, իսկ 2018-ին մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, դարձել է «Էտալոն Գ․Ա․Մ․Ա․» ՍՊԸ-ի 100% բաժնետեր՝ ձեռք բերելով Էջմիածնի համայնքում գտնվող 9 հա հողատարածք։
Ավինյանն անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարություններին, թե ԱՆԻՖ-ը անարդյունավետ կառույց է, գրում է Radar.Armenia-ն։
«Երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, ԱՆԻՖ-ով չեմ զբաղվում, քաղաքապետարանում եմ՝ փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսներ մեջ եմ, կառավարութուն նախաձեռնություն է տանում, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն։ Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում է մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ ցանկացած կառույցի կայացման համար պահանջվում է մեծ աշխատանք, ժամանակ ու ռեսուրսներ, մինչդեռ քանդելը կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ օրում։
Ավինյանը նշել է, որ ԱՆԻՖ ներգրավել է մոտ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ։ Նրա խոսքով՝ կազմակերպության աշխատանքի շնորհիվ ստեղծվել է մոտ 800 նոր աշխատատեղ, հայտնում է 1lurer.am-ը։
«Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4.19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- ասել էԱվինյանը։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի շուրջ քրեական գործից ավելի քան մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններին։ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Դուստր հիմնադրամի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է փաստաթղթերի ու լիազորությունների չարաշահման համար։ Գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը։






