ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Միրզոյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման տարիները համընկել են բարդ ժամանակահատվածի հետ, սակայն այդ ընթացքում երկու երկրները կարողացել են ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև արձանագրել շոշափելի արդյունքներ։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ և ապագա քայլերը՝ ընդգրկելով ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ ոլորտների համագործակցությունը։
Ընդգծվել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բարեկամության, տարածաշրջանային խաղաղության կարևոր սկզբունքների հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։
Հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանը և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանն էր արդյունավետ գործակցության համար դեսպանին պարգևատրել գերատեսչական մեդալով։






