Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, դատարանում հայտարարել է, որ «սա քաղաքական պատվեր է իշխանության կողմից»։
Նա հավելել է, որ նպատակն իրեն վարկաբեկելն է, բայց ինքը շարունակելու է «ծառայել գերբին ու դրոշին, որոնք ոմանք արատավորում են», հայտնում է «Ազատությունը»։
«Ես համոզված եմ, որ բոլորը գիտեն ես անմեղ եմ՝ ներառյալ մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են: Ես ոչ մի դավադիր խոսք որևէ տեղ չեմ ասել, դա վկայում է նաև օրագիրս. քթները մտցրին նաև օրագրի մեջ, այսինքն՝ իմ մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, բայց այնտեղ էլ բան չգտան»,-ասել է նա։
Նիստի ընթացքում Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը, նախքան պաշտպանական ճառով հանդես գալը, կրկին միջնորդել է բացարկ հայտնել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Սակայն այս միջնորդությունը մերժվել է։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






