AM
15 Սեպտեմբեր 2025 - 14:07 AMT

Վերջին 40 տարում լիմֆոմայի տարածվածությունն աճել է մոտ 80%-ով

Սեպտեմբերի 15-ին աշխարհում նշվում է լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի նպատակն է բարձրացնել հիվանդության մասին իրազեկվածությունը։

Այս տարի համաշխարհային օրվա թեման ընտրվել է «Անկեղծ զրույցը»․ այն վերաբերում է լիմֆոմայով ապրելու հուզական հետևանքներին։ Բժիշկների և պացիենտների միջև ազնիվ խոսակցությունները, ինչպես նաև ընտանիքի հետ անկեղծ շփումները, օգնում են հիվանդներին հաղթահարել հուզական դժվարությունները և ստանալ անհրաժեշտ աջակցություն, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» կենտրոնը։

Լիմֆոման քաղցկեղի տեսակ է, որն առաջանում է ավշային համակարգում։ Այն կարող է տարածվել ոչ միայն ավշային հանգույցներով ու փայծաղով, այլև թոքերով, լյարդով և գլխուղեղով։ Ամենատարածված տեսակներն են Հոջկինի և ոչ հոջկինյան լիմֆոմաները, որոնցից վերջինը կազմում է դեպքերի մոտ 90%-ը։

Վիճակագրությամբ՝ աշխարհում քաղցկեղի դեպքերի մոտ 4%-ը լիմֆոման է։ Վերջին 40 տարիներին դրա տարածվածությունն աճել է 80%-ով։ Միայն 2020 թվականին գրանցվել է մոտ 545 հազար նոր ոչ հոջկինյան լիմֆոմայի դեպք և 260 հազար մահ։ Տարածվածության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայի որոշ երկրներում։ Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Ասիայում։ Հայաստանում հստակ տվյալներ դեռևս չկան։

Հիվանդության զարգացմանը նպաստում են տարիքային, գենետիկ, սեռային գործոնները, քիմիական նյութերի ազդեցությունը, թուլացած իմունիտետը, ինչպես նաև որոշ վարակներ՝ ՄԻԱՎ, Էպշտեյն-Բարրի վիրուս, Helicobacter pylori և այլն։

Լիմֆոմայի հիմնական ախտանիշներն են․

  • Լիմֆադենոպաթիա՝ անցավ մեծացած ավշային հանգույցներ,
  • B-ախտանիշներ՝ անբացատրելի քաշի կորուստ, գիշերային քրտնարտադրություն, տենդ,
  • Ընդհանուր ախտանշաններ՝ կախված հիվանդությամբ ախտահարված օրգաններից։

Սկրինինգային թեստեր գոյություն չունեն, ուստի հիվանդությունն ախտորոշվում է միայն բժշկական հետազոտությունների միջոցով։ Ժամանակին հայտնաբերումն ու բուժումը լիմֆոմայի դեմ պայքարի հաջողության հիմնական պայմանն է։ Հոջկինի լիմֆոմայի դեպքում բուժման արդյունքները լավագույնն են․ պացիենտների մոտ 90%-ը լիովին ապաքինվում է։