ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Մուշեղյանը կալանավորվել է ավտովթարի գործով»,- նշել է Ռաֆայելյանը։
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ 2024 թ․ օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հեղինակը Մուշեղյանն է։ Ըստ «Դատալեքսի»՝ նա վարել է մեքենան ոչ սթափ վիճակում, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Անդրանիկ Առաքելյանի վարած «Volkswagen Golf»-ին։ Վարորդը մահացել է, ուղևորը ստացել է ծանր վնասվածքներ։
Մուշեղյանը հայտնի է նաև նրանով, որ եղել է «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրած քննիչը։ Դրանից հետո նշանակվել էր ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։
Պատերազմից հետո ազատվելով պաշտոնից՝ նա նշանակվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, սակայն այդ պաշտոնից ևս ազատվել է և զբաղվել փաստաբանական գործունեությամբ։






