AM
15 Սեպտեմբեր 2025 - 14:35 AMT

Կարապետյանի պաշտպանները ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Սամվել Ֆերոյանը։

«Փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները քրեաիրավական ասպեկտով։ Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- ասել է փաստաբանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբանը նշել է՝ հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածի՝ 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 507-րդ (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը):

Ֆերոյանը հիշեցրել է, որ արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանել են, որ Ստոկհոլմի արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման ,սա նշանակում է՝ տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ֆերոյանի խոսքով` սակայն ՀԾԿՀ նախագահը լրիվ այլ պատասխան է ուղարկել պաշտպանական թիմին։

Ֆերոյանը նաև հիշեցրել է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու համար այս պահին Հայաստանի Հանրապետությունը ծախսում է 3.2 միլիոն դոլար։ Պարզաբանեց՝ խոսքը փաստաբանական թիմի համար ծախսվող գումարների մասին է։

«Ընդ որում` արդեն հիմնավորված է, որ հանձնաժողովի նախագահի կողմից չկատարելը, քանի որ հենց հանձնաժողովի նախագահն է կառավարությանը դիրքորոշման համար դիմել ու ստացել է կառավարությունն իր դիրքորոշմամբ՝ ի դեմս միջազգային հարցերով մասնագետի, պատասխանել է, որ պարտադիր պետք է կատարես արբիտրաժային դատարանի որոշումն ու կասեցնես կառավարչի լիազորությունները»,- ասել է նա։

Նա ընդգծել է՝ հիմա բոլորը խոսում են թափանցիկության մասին, իսկ ինչ-որ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչ սկզբունքով է ընտրվել փաստաբանական թիմը և ինչպես է գինը որոշվել, ինչո՞ւ, օրինակ, տեղական փաստաբանական խմբի չի տրվել այդ գործը և այլն։ Փերոյանը կարծում է՝ այստեղ լուրջ չարաշահումների կասկածներ կարող են լինել։

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։