Սեպտեմբերի 15-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության ընթացքում հանդես է եկել վերջին խոսքով՝ պնդելով, որ այս քրեական գործի միակ նպատակը հոգևորականին վարկաբեկելն է։
Նա ասել է նաև, որ իր կյանքի մեծագույն սխալն է թույլ տվել 2018–ին՝ երբ ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Քթները մտցրեցին նույնիսկ օրագիր, այսինքն իմ մտքի մեջ, բայց այնտեղ էլ բան չգտան։ Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Բոլորին է հայտնի, որ ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թվականին, երբ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարեց հեղաշրջում։ Բայց, երբ Նիկոլը հայտարարեց իր վարչապետ դառնալու մասին, ես հետ կանգնեցի ասելով` էս մեկը չեղավ։ Այն օրվանից է սկսում, երբ հայտարարվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, քանի որ թվում էր իրենց, թե պետք է աջակցեմ , բայց եղավ հակառակը։ Այդ ժամանակից սկսած աչքի փուշը դարձանք»,– ընդգծել է սրբազանը։
Նրա խոսքով, վերջին 80 օրը, որը նա անցկացրել է կալանքի տակ, պարզապես հարստացրել է իր կենսագրությունը։
«Ինձ վարկաբեկելն էր՝ ցույց տալու համար հասարակության լայն զանգվածներին, որ այս հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է, ընդամենը սովորական հանցագործ է։ Թող հարգարժան դատավորն ինքը որոշի՝ այդ նպատակին ծառայե՞ց, թե՞ հակառակը։ Կարծում եմ՝ հակառակը, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին»,- ասել է նա։
Սրբազանը նշել է, որ իրեն չի հուզում միջազգային հանրության կարծիքը կամ օտարերկրյա դեսպանությունների արձագանքը։ Նրա գնահատմամբ, իրեն հետաքրքրում է միայն հայ ժողովուրդը, որը հետևել է դատավարությանը և համոզվել նրա անմեղության մեջ։
«Ես վստահ եմ, որ եթե Գյումրու օժանդակ դպրոցի սաները հետևել են նիստերին, իրենք էլ հասկացան, որ ես անմեղ եմ։ Վստահ եմ՝ մեղադրող կողմը, հարգարժան դատավորն էլ վստահ են, պատվիրատուն էլ համոզված է, որ անմեղ եմ, բայց կարծում էին, որ սրանով ինչ-որ բանի կհասնեն»,- ընդգծել է Միքայել սրբազանը։
Աջապահյանն ընդգծել է, որ ինքը արդարադատությանը վստահություն չունի և դատավարությանը մասնակցել է միայն իր հոգևոր եղբայրների ու համախոհների ներկայությամբ լինելու համար։ Նա կրկին պնդել է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական պատվերի արդյունք է։
Սրբազանը վերահաստատել է, որ իր արտահայտությունները որևէ լրատվամիջոցին միտումնավոր չի փոխանցել, և իրեն ուղղված մեղադրանքներն իրական հիմք չունեն։
«Ես լրատվամիջոց չեմ կանչել ու ասել՝ կոչ ունեմ։ Իրենք ինքնուրույն են դիմել հարցազրույցի համար, սակայն մեղադրողը նեղություն չի քաշել կանչել այդ մարդկանց ու հարցնել՝ վերջը սրբազանն ի՞նչ է ասել։ Ընդհանրապես այսպիսի գործ լինո՞ւմ է, որ ոչ մի վկա չլինի, ոչ մի հարցաքննված չլինի, сам дежурный, сам дневальный, մենակ ես։ Բա սա խեղկատակություն չէ՞։ Բա «Գալային» կանչեին ու հարցնեին՝ սրբազանը պատվիրե՞լ է, հանձնարարե՞լ է։ Չեն կանչել, քանի որ ասելու էր, որ սրբազանը կոչ չի արել, մենք էլ կոչ չենք ընկալել»,- ընդգծել է նա։
Միքայել սրբազանը հիշեցրել է նաև, որ ինքը նմանատիպ կոչեր արել է դեռևս 2020 թվականից, սակայն իրավապահ մարմինները այդ ժամանակ որևէ հանցակազմ չեն տեսել։
«2020 թվականին ես հանցագործ չեմ, 2021-ին հանցագործ չեմ, 2022-ին հանցագործ չեմ, 2023-ին հանցագործ չեմ, 2024-ին հանցագործ չեմ, ի՞նչ պիտի ասեի 2025 թվականի հունիսի 21-ին։ Այդ դեպքում այն մարդիկ, որոնք ինձ մինչև 2025 թվականը ասել են, որ հանցագործ չեմ, պետք է դատվեն անգործության համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, սրբազանն ընդունել է, որ իրավապահ մարմինները կարող են իրեն ենթարկել դատավարության, սակայն հիշեցրել է իր՝ հոգևոր իշխանության գոյության մասին՝ նախազգուշացնելով արդարության խախտման հետևանքների մասին։
«Դուք իշխանություն ունեք մեր մարմնի վրա ժամանակավորապես՝ այս աշխարհում, իսկ մենք իշխանություն ունենք ձեր հոգիների, նաև մարմինների վրա հավիտենապես։ Ես ինձ Աստծուց տրված իշխանությամբ դատապարտում եմ ձեզ, եթե անմեղ մարդու դատապարտեք։ Դրա հատուցումը տեսնելու եք, կարող է չտեսնեք 2 տարի, 20 տարի, բայց անպայման կտեսնեք»,– ասել է Միքայել սրբազանը։
62-ամյա Աջապահյանի գործով դատավարությունը՝ անցկացվող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում, հասել է եզրափակիչ փուլին։ Այսօր կողմերը հանդես են գալիս ճառերով, որից հետո դատավորը կանցնի դատավճռի կայացմանը։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի հիմքով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։






