AM
16 Սեպտեմբեր 2025 - 07:02 AMT

Գեղամյան․ Արարատից հրաժարումը թուրքացման մասին է, ոչ թե անվտանգության

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Թուրքիայի պետական խորհրդանիշներին և դրանց քաղաքական ու մշակութային ենթատեքստին՝ ընդգծելով, որ դրանց փոփոխություն չի սպասվում:

Նա հավելել է, որ «Արարատից հրաժարումը թուրքացման մասին է, ոչ թե անվտանգության»։

«Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։

Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը, Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը և այլն։

Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատվո պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմավորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտոնյաներին։ 16 զինվորներն ու իրենց ձեռքի դրոշները նույնպես խորհրդանշում են վերոնշյալ թյուրքական պետությունները։

Երրորդ լուսանկարում գործընկերների ետևում երևում է նույն այդ զինանշանը։

Թուրքիայում այս ու բազմաթիվ այլ ազգայնական ու ծավալապաշտական խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպես որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։