AM
16 Սեպտեմբեր 2025 - 07:42 AMT

Աբրահամյան․ Նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել 3 տարի առաջ զոհվածների հիշատակին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով 2022–ի սեպտեմբերին Ջերմուկում և ՀՀ մյուս սահմաններին տեղի ունեցած մարտերին և բազմաթիվ զոհերին, գրել է, որ բարձրաստիճան զինվորականները «նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն 3 տարի առաջ զոհվածների հիշատակին»։

Նա նշել է, որ այդ պատերազմից ընդամենը 3 տարի է նացել՝ «օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել»։

«Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը:

Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանությունը, որ նույնիսկ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման վերաբերյալ ծպտուն չի հանում, երբ դրա հետևանքը մարտավարական և ռազմավարական տարածքների կորուստներն ու 224 մարդու նահատակությունը:

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պապիկյանին շողոքորթող բարձրաստիճան զինվորականները նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն երկրի պաշտպանության նահատակվածներին հիշատակին:

Այդ պատերազմից ընդամենը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից և երկրի պաշտպանության համար մարտեր մղած ու զոհված մարդիկ ոչ միայն իշխանության համար փակված էջ են, այլ օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, հիշողություն բթացնում»,–գրել է նա։

Աբրահամյանը հավելել է, որ ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել:

«Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում»,–ասվում է գրառման մեջ։

2022–ի սեպտեմբերի 13–ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ։ Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր: Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ