«Ալեքս 33 Պետրոլ» գազալցակայանում հնչած կրшկոցների 11 մասնակիցներից մի մասին հայտնաբերել են։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային բաժնի և համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները, հիմք ընդունելով Արմավիրի մարզի քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են սեպտեմբերի 14-ին Էջմիածնի Մանուշյան 4/4 հասցեում գտնվող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Ըստ պարզվածի՝ ժամը 12։30-ի սահմաններում բենզալցակայանի տարածքում կենցաղային տարաձայնությունների հետևանքով վիճաբանություն է առաջացել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Խաչատրյանը հեռացել է տարածքից։
«Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրյանը և իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել են վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել են Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը, որի ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր է ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել»։
Ոստիկանությունն արձանագրել է, որ միջադեպին մասնակցել են առնվազն 11 անձ։ Քիչ անց ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
Ժամեր անց քրեական և համայնքային ոստիկանները կարողացել են հայտնաբերել և բերման ենթարկել մասնակցած անձանցից Վիգեն Սուքիասյանին, Մաքսիմ Մհոյանին, Մերուժան Մուրադյանին, Ալեքսան Սարգսյանին և Գոռ Սարգսյանին, որոնք ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Իրավապահ մարմինները շարունակում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես հայտնի, այնպես էլ դեռևս անհայտ մասնակիցներին նույնականացնելու և քննչական գործողություններին ներկայացնելու նպատակով։
Սեպտեմբերի 14-ին վաղ առավոտյան կրակոցներ էին արձանագրվել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի մուտքի մոտ՝ գազալցակայանի տարածքում։






