Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր հայրենիքի համար պատրաստ է ամեն ինչի՝ միաժամանակ մեղադրելով իշխանություններին երկրի թուրքացման գործընթացի մեջ։
«Ինձ դատարան են բերել լոկ նրա համար, որ մարդկանց հողատարածքներ եմ տվել, որ մարդիկ բնակարաններ, կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցեն»,- ասել է նա Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, երկրաշարժ տեսած քաղաքապետը եթե նմանատիպ գործելաոճ չի ձեռնարկում, պետք է վռնդեն քաղաքապետարանից, քաղաքից։
Հարցին՝ իր որդին Սրբազանի դատին մասնակցելու համար է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, Ղուկասյանը պատասխանել է. «Երբ գնաց Սրբազանի դատին, ես իրեն ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն, գլխիդ մի բան կանեն»։
Պատասխանելով այն հարցին, թե մտահոգությունի չունի՞, որ այս քայլերով կարող են իրեն ստիպել հրաժարական տա՝ Ղուկասյանն ասել է, որ վախեցողներից չէ։
«Ես այդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ, ինչ ուզում են անեն, ոնց ուզում են անեն, ամեն տեղն էլ տղամարդու տեղ է։ Իմ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ինձ ընդհանրապես պետք չէ այս հասակում պետական կառույցում աշխատել, ուզում եմ հանգիստ ապրել, բայց տեսնում եմ, որ երկիրը վտանգի մեջ է, երկիրը տանում են թուրքացման»,–ասել է նա։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։ Գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Այժմ նա տնային կալանքի տակ է։






