ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները։
Կարգավորումը նպատակ ունի՝ պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը, պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը, բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները։
«Կարևոր դրույթներ.
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի միջոցով, սահմանվել են տեսալուսանկարահանող սարքերի տեղադրմանը և տեսանյութին ներկայացվող որոշ կարգավորումներ, սահմանվել է նաև, որ բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ, ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ։
Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում ԲԿ-ի տարածքի տեսանելի հատվածներում իրազեկման ցուցանակներ տեղադրելու պահանջի կատարման նպատակով սահմանվել են այդ իրազեկման ցուցանակներին ներկայացվող պահանջները։
Հաշվի առնելով տեսալուսանկարահանող սարքերը ԲԿ-ի որոշ տարածքներում (ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ, միջամտությունների սենյակներ, հիվանդասենյակներ, լոգարաններ, սանհանգույցներ) տեղադրելու արգելքը սահմանվել են թույլատրելի մի շարք տարածքներ ԲԿ-ի սպասասրահ, միջանցք, վերելակներ, վճարման կետեր և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ, ինչպես նաև վիրահատարանները։ Ընդ որում, վիրահատարաններում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում։
Տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքով նախատեսված դեպքերի համար (խախտում հայտնաբերելու և պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքեր) օրենքով սահմանված ժամկետներում։ Կարգավորումները կնպաստեն նաև պացիենտի կողմից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանց մասին տեղեկություններ ստանալու իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով ամրագրված տվյալների սուբյեկտի այլ իրավունքների իրացմանը։
Հարկ է նշել, որ ԲԿ-ում տեսալուսանկարահանող սարքերի տեղադրումը (օգտագործումը) չի համարվում պարտադիր պահանջ։ Սակայն այն ԲԿ-ները, որտեղ տեղադրված են (օգտագործվում են) տեսալուսանկարահանող սարքեր կամ, որոնք պլանավորում են դրանց օգտագործումը, պետք է առաջնորդվեն սահմանված կանոններով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 30-ից։






