AM
16 Սեպտեմբեր 2025 - 10:48 AMT

Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման» մասին նախագիծը

Կառավարությունն e-draft հարթակում հանրային քննարկման համար ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը։ Այս տեղեկությունը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հակիրճ նկարագրության մեջ նշված է, որ «Իրական Հայաստանի» գեղագիտության հիմնական ուղենիշը կարելի է ձևակերպել այսպես՝ «հայացք դեպի ներս՝ արտաքին աշխարհի հետ արդյունավետ փոխհարաբերություն կառուցելու համար», հայտնում է Factor.am-ը։

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկրի հետագա զարգացումն ու պետական ինստիտուտների կայացումը պահանջում են նաև ՀՀ բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի հստակեցում ու դրանց խրախուսման քաղաքականություն, որը ներկայումս բացակայում է։

Կառավարությունը պարզաբանում է, որ այս նախագիծը նպատակ ունի սահմանել գեղագիտական այն ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք էական նշանակություն ունեն պետության միջազգային ներկայացման առումով։ Այդ թվում՝ Հայաստանի տաղավարների ձևավորումը միջազգային ցուցահանդեսներում ու հարթակներում, արարողակարգային ներկայացումներն այլ միջավայրերում, ինչպես նաև հանրային կյանքի կազմակերպման համատեքստում, որտեղ քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացումը դիտարկվում է որպես առանցքային արժեք։

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ պետականության զարգացումը պետք է ոչ միայն իրավական, օրենսդրական կամ տնտեսական մակարդակներում արտահայտվի, այլև՝ գեղագիտական եղանակներով, որոնք լրացնում և ամրապնդում են պետական ու հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ խորացնելով քաղաքացու ինքնագիտակցությունը, պետության հանդեպ պատկանելության զգացողությունը և Հայաստանի գեղագիտական ներկայությունն հանրային միջավայրում։

Նշվում է նաև, որ այս ձևերի սկզբունքների ու չափորոշիչների մշակումն անհրաժեշտ է նաև որպես ինքնաճանաչման գործընթաց՝ նախ և առաջ սեփական ներկայի ըմբռնման համար։

Հանրային քննարկման ընթացքում նախագծին արդեն իսկ աջակցություն է հայտնել 200 քաղաքացի, մինչդեռ դեմ է արտահայտվել՝ 5-ը։