«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ՀՀ–ում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված»։
«Համատեղության կարգով նախարար աշխատող ֆեյսբուքյան ստատուսչիներից մեկը հարցնում է՝ ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի նկարը։ Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը»։
«Հարց այն մարդկանց, որոնք բողոքում են այն փաստից, որ Արարատի պատկերը հանվել է մեր սահմանային կնիքի վրայից. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը»,–ասվում է Պապոյանի գրառման մեջ։
ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։






