Վատիկանում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեոն 14-րդ Պապի հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքներն է բերել Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով։
Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվել են նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
Հովվապետերը կարևորել են Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվել է անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբությունը Լեոն 14-րդ Պապին հրավեր է ուղղել այցելելու Հայաստան։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացել են Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի է ունեցել նվերների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոսը եղել է նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք է բարձրացրել առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։






