ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյա անձը 2024 թվականի հունիսին Երևանում գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերությունից կաշառք է ստացել՝ անարդյունավետ կամ ժամկետանց աշխատանքները չնկատելու և շահագործման թույլտվություն տրամադրելու դիմաց։ Կաշառքի չափը կազմել է 245,000 դրամ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մեկ այլ դրվագով, նույն նպատակով տեսչական մարմնի մեկ այլ պաշտոնյայի հետ ձեռք է բերվել համաձայնություն 200,000 դրամի չափով կաշառքի մասին։
Նախաքննության արդյունքում բացահայտվել են նաև մասնավոր ոլորտում կաշառք ստանալու փաստեր։ Մասնավորապես՝ պարզվել է, որ գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենը 2024 թվականի հոկտեմբերին առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին վճարել է 300,000 դրամ՝ գազաբաշխիչ կայանի կառուցման փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու համար՝ այն մասին, թե իբր աշխատանքներն ավարտված են։
ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով մեղադրանք է առաջադրվել տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց, իսկ առևտրային ընկերությունների աշխատակիցներին՝ 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ և պաշտոնավարման կասեցում։
Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։






