Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը նոր փուլ է մտնում։
«Այսօր այդ գործընթացը նախաձեռնած Ազգային ժողովի «Պaտիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, օրեր առաջ, հայտարարեց` սեպտեմբերի ընթացքում խորհրդարանական լսումներ անցկացնելու մտադրության մասին։ Հավանաբար լսումները կանցկացվեն այդ հայտարարության քննարկման օրակարգով»,-գրել է նա։
Նրա գնահատմամբ՝ պետք է մեկտեղել բոլոր ուժերը` այդ գաղափարը կյանքի կոչելու համար
«Ներկա պահին Ազգային ժողովի 107 պատգամավորներից վարչապետին չեն ցանկանում անվստահություն հայտնել 99-ը, որոնցից 69-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ են, 28–ը` «Հայաստան» խմբակցության, 2-ն էլ խմբակցություններից դուրս։ Հուսանք առաջիկա օրերին այդ թվերի հարաբերակցությունը կփոխվի»,գրել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել։Նախագիծը կոչվում է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին»։
Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։






