Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ, հայտնում է «Փաստինֆոն»։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գարիկ Աբելյանի, 2024թ. հունվարի 15-ին նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ և դատավորներ Ռոբերտ Պապոյանի ու Լուսինե Աբգարյանի մասնակցությամբ, 2024թ. հունիսի 18-ին ուժի մեջ է թողել մեղադրական դատավճիռը։
Վերաքննիչ ատյանի որոշումը Ջալալ Հարությունյանն, ըստ հաղորդման, երկար ժամանակ չի ստացել, և միայն օգոստոսին է այն նրան հանձնվել՝ «հարկադրաբար», ինչից հետո սկսվել են բողոքարկման ժամկետները։ Գործի առանձնահատկություններից է նաև այն, որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին, ինչի պատճառով տուժող կողմը մտավախություն ունի, որ Հարությունյանը փորձում է քննչական և դատական գործընթացները ձգձգել՝ մինչև այդ ժամկետների լրանալը։ Արդյունքում՝ ութ ամիս անց վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։
Ջալալ Հարությունյանի պաշտպանությունը սեպտեմբերի 2-ին արդեն մեկ անգամ փորձել է Վճռաբեկ դատարան ներկայացնել բողոք, սակայն այն վերադարձվել է՝ շտկումների անհրաժեշտության պատճառով։ Վերջերս արդեն երկրորդ բողոքն է ներկայացվել, որի զեկուցող դատավորն է Սերժիկ Ավետիսյանը։
Ջալալ Հարությունյանի գործով քննության ընթացքում մի դրվագ՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ին հակահարվածի վերաբերյալ, կարճվել է նախաքննության փուլում, իսկ մյուս դրվագով՝ հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա կատարված հարձակման մասով, մեղադրական եզրակացությամբ գործը փոխանցվել է դատարան։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկրից բացակայելու արգելքը։
Ըստ մեղադրական կողմի՝ նա, լինելով ՊԲ հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ կոչմամբ, պաշտոնատար անձ և հանրային ծառայող, պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, դրսևորել է անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, իր պարտականությունները չի կատարել պատշաճ ձևով, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Մասնավորապես, երբ հակառակորդը հարձակվել է Դ20 դիվիզիոնի վրա, ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Հարությունյանի տեղակալ՝ Գենադի Բաղդասարյանի հետ՝ հայտնելով վտանգի մասին։ Սակայն, ըստ մեղադրանքի, Ջալալ Հարությունյանը տեղեկացրել է, թե հարձակվողները «յուրայիններ» են։






