Նախորդ շաբաթ կալանավորված Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանն անցնում է 2 քրեական գործով։ Դրանցից մեկն այս պահին քննվում է Քննչական կոմիտեում և վերաբերում է հարկերից խուսափելուն, իսկ մյուսը դատարանում է, վերաբերում է մահվան ելքով վթարին, հայտնում է Factor.am-ը։
Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 12-ին Հրաչյա Մուշեղյանը, գտնվելով ոչ սթափ՝ հարբած վիճակում, ավտոմեքենա վարելիս Կոմիտասի պողոտայում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթները։ Նա մեքենան դուրս է բերել դեպի հանդիպակաց ուղեմաս, որտեղ բախվել է Անդրանիկ Առաքելյանի կողմից վարած մեքենային։ Անդրանիկ Առաքելյանը վթարի հետևանքով մահացել է, իսկ ուղևոր Նվարդ Կոջամանյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք։ Այս գործի շրջանակում Մուշեղյանի նկատմամբ նախապես կիրառվել էր բացակայելու արգելք՝ որպես խափանման միջոց։
Հարկերից խուսափելու գործով, որը գտնվում է Քննչական կոմիտեում, Մուշեղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այս տարվա ամռանը, սակայն այդ վարույթում որևէ խափանման միջոց ընտրված չի եղել։
Հաշվի առնելով երկրորդ քրեական գործը՝ հանրային մեղադրողը միջնորդել է փոխել նախկին խափանման միջոցը՝ առաջարկելով կալանավորել նրան։ Պատճառաբանումը կայանում է նրանում, որ այն պահին, երբ Մուշեղյանը գտնվել է մեկ գործով սահմանված խափանման միջոցի տակ, ըստ դատախազության՝ կատարել է նոր ենթադրյալ հանցանք, ուստի առկա է կրկին հանցանք կատարելու ռիսկ։
Թեև դատական ակտը Դատալեքս համակարգում դեռ հասանելի չէ, հայտնի է դարձել, որ պաշտպան Արման Կարապետյանը Factor TV-ին ասել է՝ բացակայելու արգելքը կիրառվում է բացառապես թաքնվելու ռիսկի կանխարգելման նպատակով։ Ուստի՝ նոր հանցանք կատարելու ռիսկը, ըստ նրա, չի կարող դիտարկվել որպես այդ խափանման միջոցի խախտում։
«Մենք հարց ենք բարձրացրել նաև, թե ինչպես է մեկ այլ վարույթով դատախազի որոշումը հայտնվել այս գործով դատախազի մոտ», – նշել է նա։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ թեև Հրաչյա Մուշեղյանը ներգրավված է որպես մեղադրյալ, սակայն նրա վերաբերյալ դեռևս գոյություն չունի դատավճիռ։
«Այսինքն՝ այն հանգամանքը, որ նա մեղադրվում է ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, չի կարող դիտվել՝ որպես նոր հանցանք», – հավելել է պաշտպանը։
Հրաչյա Մուշեղյանը հայտնի է իր նախկին պաշտոններով։ Նա եղել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով քննչական խմբի ղեկավարը՝ այն ժամանակ աշխատելով Հատուկ քննչական ծառայությունում։ Նրա անմիջական մասնակցությամբ է կալանավորվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Մուշեղյանն այն քննիչն էր, որը մասնակցել է մամուլի ասուլիսին՝ Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի բացահայտումից հետո։
2019 թվականին նա նշանակվել է ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։ Նա նաև այն քննիչներից է, որը մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 2020 թվականի պատերազմից հետո, Հրաչյա Մուշեղյանն աշխատանքից ազատվել է՝ ներկայացնելով սեփական դիմում։






