Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամիս անց, ի վերջո, քննության է ընդունել ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է ՀԷՑ–ի վերաբերյալ հրատապ ռեժիմով ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումը ընդունվել է ընթացակարգային խախտումներով՝ հակառակ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին ու դատարանի ներքին կարգերին, որոնք պարտադրում են որոշում կայացնել 30-օրյա ժամկետում, հայտնում է «Ազատությունը»։
Չնայած այդ պահանջին, ՍԴ-ն համապատասխան որոշումը չի հրապարակել։
Դատավոր Սեդա Սաֆարյանն ասել է. «Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք»։
Վիճարկվող օրենքներն ընդունվել են խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության նախաձեռնությամբ։ Դիմումը ՍԴ է ներկայացվել հուլիսի 11-ին, և 30-օրյա ժամկետը լրացել է օգոստոսի 10-ին։ Դրանից անցել է գրեթե մեկ ամիս, երբ Արծվիկ Մինասյանը պաշտոնապես գրությամբ հարցրել է՝ արդյոք դիմման քննության ժամկետներում որևէ փոփոխություն եղե՞լ է։ Պատասխան չի ստացել։
Ընդդիմությունը պնդում է, որ այս ընթացքում ՍԴ-ի անգործության հետևանքով գործադիր իշխանության կողմից նշանակված ՀԷՑ-ի նոր ժամանակավոր կառավարիչը սկսել է կադրային և ֆինանսական առանցքային որոշումներ կայացնել։
Մինասյանը այս գործընթացն անվանել է դիտավորություն՝ նշելով. «Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը»։
Բացի այդ, ընդդիմադիրները Բարձր դատարանին միջնորդել են ժամանակավոր կասեցնել վիճարկվող օրենքների գործողությունը՝ մինչև վերջնական որոշման կայացումը։ Նման մոտեցում է ցուցաբերել նաև միջազգային արբիտրաժային դատարանը՝ կայացնելով համապատասխան որոշում, որը, սակայն, գործադիր իշխանությունը հրաժարվել է կատարել։
«Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է», – արձագանքել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Մինչ գործադիրն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, իսկ ներքին դատական համակարգում գործի լիարժեք քննություն դեռ չի մեկնարկել, հեղինակավոր վարկանիշային գործակալություն Moody's-ը նվազեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը՝ վերանայելով ընկերության ֆինանսական հեռանկարը «կայուն»-ից՝ «բացասականի»։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր մեկնաբանությունում նշել է. «Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է էն անորոշությունների հետ, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա»։
Չնայած Գալստյանի հույսերին, վարկանիշային գործակալության փորձագետներն արձանագրել են, որ ՀԷՑ-ի վարկանիշի վերականգնումը 12-18 ամիսների կտրվածքով քիչ հավանական է՝ հաշվի առնելով Կառավարության վերջին քայլերը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






