AM
17 Սեպտեմբեր 2025 - 07:18 AMT

Ծառուկյան. Յուրաքանչյուրը կարող է մասնակցել Քրիստոսի արձանի տեղադրմանը

Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության հեղինակ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է, որ յուրաքանչյուրը կարող մասնակցել Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքներին։ Այդ մասին նա ասել է Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ մեկնարկել է կամավորների գրանցումը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծառուկյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ քաղաքացիներ նամակներով, հեռախոսազանգերով ու դիմումներով իրենց պատրաստակամությունն են հայտնել արձանի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար։

Նրա խոսքով, արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է չորս մասից։ Քանդակն ունի 33 մետր բարձրություն, իսկ պատվանդանի հետ միասին հասնում է 101 մետի՝ դարձնելով այն աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը։

Ծառուկյանը ներկայացրել է նաև, թե ինչպես է ծնվել արձանի գաղափարը։

«Ես ասել եմ, որ մերը պետք է ամենալավը լինի, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք»,- ասել է Ծառուկյանը։

Նա հավելել է, որ արձանի տեղադրման վայրը ընտրել են որդու հետ՝ կանգ առնելով Հատիսի բարձունքի վրա։

«Էդտեղից նայում ես, ամբողջ Երևանը երևում է, հոգի կա, շունչ կա, երբ բարձրանում ես էնտեղ։ Որ մի անգամ բարձրանաք, չի կարող պատահել, որ շաբաթը մեկ չուզեք բարձրանալ, տեսնել էդ գեղեցկությունը»,- ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանը նաև նշել է, որ տարածքը, որտեղ արձանը տեղադրվելու է, իրեն է նվիրել իր ընկերներից մեկը, առանց որևէ վարձատրության։ Նրա խոսքով՝ արձանի ծրագրի մեկնարկից հետո Հատիսի շրջակա բնակավայրերում հողերի գները կտրուկ աճել են։

«Եթե առաջ 500, 1000 դոլար էր, հիմա 30-50 հազար է։ Մարդիկ, որոնք հեռացել էին, հետ են եկել, կառուցում են, սարքում են, կյանք կա, մարդիկ սպասում են, որ լավ ա լինելու, տուրիզմ ա զարգանալու»,– հավելել է նա։

Ծառուկյանը ընդգծել է, որ չնայած արձանի կառուցման նախաձեռնությունը քննադատությունների ալիք է բարձրացրել, ինքը քննադատություններին հանգիստ է վերաբերվում և վստահ է, որ ժամանակը ցույց կտա նախաձեռնության դրական ազդեցությունը։

«Սա պետք է լինի ազգային վերածննդի, ներքին համերաշխության խորհրդանիշ։ Պետք է խաղաղություն լինի, վերջ տանք իրար վրա ցեխ շպրտելուն, վիրավորելուն։ Կարաս՝ արա, մի՛ նստի, սպասի, մի՛ բամբասի, մի՛ վիրավորի, ամեն մեկն իր չափով է անում»,- ասել է Ծառուկյանը։

Արձանի բացման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն արդեն իսկ Հատիսի բարձունքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Գրանցված կամավորները սեպտեմբերի 26-ից հնարավորություն կստանան այցելելու տարածք՝ հետևելու և մասնակցելու շինարարությանը։

Ծառուկյանն առաջին անգամ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման իր նախաձեռնության մասին հայտնել է 2022 թվականի հունվարի 14-ին։ Նույն տարվա մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հայտարարել է՝ կոչ անելով Ծառուկյանին հրաժարվել այդ մտադրությունից՝ ընդգծելով, որ նման արձանի կառուցումը հակասում է եկեղեցու ավանդույթներին։ Սակայն այդ դիրքորոշումը չի ստիպել Ծառուկյանին հրաժարվել իր նախաձեռնությունից։ Ընդհակառակը՝ նա ներկայացրել է երեք հակափաստարկ և շարունակել իր ծրագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն առարկություն չունի Հատիսում արձան տեղադրելու նախաձեռնության նկատմամբ։ Բացի այդ, նա հանձնարարել է պետական կառավարման մարմիններին կարճ ժամկետում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ ծրագիրը իրականություն դարձնելու համար։

Արձանի շինարարությունն սկսել է հուլիսի 9-ին։ Սական ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարն իրենք ընդունելի են համարում, սակայն պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, քանի որ այն հակասում է գործող օրենքներին ու կարգավորումներին։

2022 թվականի օգոստոսի 10-ին հայտնի է դարձել, որ հիմնադրամին փոխանցվել է նաև Հատիս լեռան լանջին, Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող 7 հա հողատարածք։