«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ դիմակավորված հարձակման դեպքին՝ նշելով, որ դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն։
«Այդ թվում, պետք է քննվի դրա հավանական կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանի կապը միջադեպի հետ։ Խիստ հավանական է, որ ընդդիմադիր/քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակումը կազմակերպել է հենց Ավետիք Բաբայանը, քանի որ հարձակմանը նախորդել էր Կարապետյանի ու Բաբալանի հեռակա վեճն ու Բաբայանի կողմից բռնության սպառնալիքները (որոնք, փաստորեն, արագ իրականացվեցին)»,–ասվում է գրառման մեջ։
Իոաննիսյանը ընդգծել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հետևողական են լինելու, որ դեպքը բացահայտվի և դրա ուղղությամբ իրավապահների գործողությունները ուշադիր դիտարկելու են։
«Ընդ որում, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյաներին նախապես հայտնի էր Բադալյանի խնդրահարույց պահվածքը, քննությամբ պետք է նաև պարզել, թե համայնքային իշխանությունների կողմից ի՞նչ է արվել այդ պահվածքը սանձելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։
Հ.Գ. Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա։ Եթե հիմա էլ չէ, ապա տարիներ անց կերևա, թե այս քրգործով ով ինչ արեց, իսկ ով ինչ չարեց, ոչինչ հավերժ գաղտնի չի մնում»,–գրել է նա։
Lրագրողական կազմակերպությունները ևս իրենց վրդովմունքն ենք արտահայտել լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պահանջում են իրավապահ մարմիններից ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։
«Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։ Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։
Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։
Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է»,–ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են մի շարք ոլորտային կազմակերպություններ, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և այլք։ Նրանք ընդգծել են, որ Հակոբ Կարապետյանի դեպքը վկայում է այն վտանգավոր մթնոլորտի մասին, որն այսօր առկա է մամուլի ազատության դաշտում։






